Ամերիկայում երեկվանից գործում է Hamilton 68 անվամբ կայքը, որի առաքելությունն է բացահայտել Թվիթերում ռուսների տարածած կեղծ լուրերը և այդ մասին տեղեկացնել սոցիալական ցանցերի օգտատերերին:
Կայքը ստեղծել է German Marshall հիմնադրամին կից գործող խումբը, որի անունն է «Միություն հանուն երաշխավորված ժողովրդավարության»:
Կայքը վերլուծելու է Թվիթերի մոտ 600 էջեր, որոնք, ըստ փորձագետների, զբաղված են անգլերեն լեզվով ապատեղեկատվություն և ռուսական քարոզչություն տարածելով: Թվիթերը հայտնել է, որ առնչություն չունի Hamilton 68 կայքի հետ:
Ամերիկյան հետախուզական ծառայությունների համոզմամբ, Մոսկվան հաքերային գրոհներով և ագրեսիվ քարոզարշավով փորձել է միջամտել անցյալ տարվա ԱՄՆ նախագահական ընտրություններին:
«Միություն հանուն երաշխավորված ժողովրդավարության» խումբը կայքի անունը վերցրել է 1788 թվականին ամերիկացի պետական գործիչ Ալեքսանդր Համիլթոնի հրապարակած հայտնի էսսեից, որում քննարկվել է ամերիկյան ընտրական համակարգն օտարերկրացիների միջամտությունից պաշտպանելու հարցը:
Վաշինգտոնում գործող German Marshall հիմնադրամը վերլուծական կենտրոն է, որն աշխատում է կառավարության և մասնավոր ներդրողների աջակցությամբ: