Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» անդամներից 18-ի գործով նիստն անցնում է լարված մթնոլորտում


«Սասնա ծռերի» անդամներից 18-ի գործով դատական նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց փաստաբանների՝ ամբաստանյալներին դահլիճ բերելու միջնորդությունը։

Նշենք, որ այսօրվա նիստին ներկա են 18 ամբաստանյալներից միայն երեքը՝ Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը և Թաթուլ Թամրազյանը, որոնց դատարանը թույլատրում է մասնակցել նիստերին՝ համարելով, որ նրանք առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չեն ոտքի կանգնել, և նրանց նկատմամբ սանկցիա չի կիրառում, չի հեռացնում դահլիճից։

Հիշեցնենք՝ տարբեր դատական նիստերի ժամանակ դատարանի օրինական պահանջներին չենթարկվելու՝ ոտքի չկանգնելու պատճառաբանությամբ դատավորը դահլիճից հեռացրել է մյուս 15 ամբաստանյալներին։

Դատարանի մերժումը լսելուց հետո Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք նույնպես հեռանում են դահլիճից, Հովհաննես Հարությունյանն էլ ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն է ցանկանում ներկայացնելու: Դատավորը հրաժարվեց լսել Հարությունյանին, վերջինս էլ զայրույթից ձեռնափայտով ուժգին հարվածեց գետնին, ինչից հետո ոստիկանները մոտեցան և, ըստ փաստաբանների, բռնություն կիրառելով, ուժով հեռացրեցին նրան դահլիճից, այնուհետև վատացավ Հարությունյանի մոր ինքնազգացողությունը։

Դատավորը մեկ ժամ ընդմիջում հայտարարեց։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում՝ նույն դատավորի նախագահությամբ: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG