Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը դատապարտել է Վան նահանգի Էդրեմիթ շրջանում հայկական գերեզմանատան վրա հանրային զուգարանի կառուցումը:
Օրերս Էդրեմիթի իշխանությունները Դիլքայա գյուղում հանրային լողափ են բացել, որի հարևանությամբ էլ զուգարան, լոգախցիկներ ու ավտոկայանատեղի են կառուցել: Շինարարական աշխատանքների ընթացքում հողից մարդկային ոսկորներ են դուրս հանվել:
Կուսակցության կայքում հրապարակված հայտարարության մեջ Փայլանը ուշադրություն է հրավիրել, որ այս տարածքը առաջին աստիճանի պահպանության վայր է համարվում:
«Այստեղ 3 հազար տարվա հնության ուրարտական շրջանի պատմական և մշակութային կարևոր հետքեր կան: Ժողովրդի շրջանում հայկական Խորգոմ անունով հայտնի այս թաղամասը հարյուր տարի առաջ մեծապես հայերով է բնակեցված եղել, այստեղ գտնվող հայկական վանքն ու գերեզմանոցն էլ պատմական և հոգևոր կարևոր ժառանգություն են համարվում: Երբ մտածում ես փոքրամասնությունների նկատմամբ պետական մոտեցման մասին, ապա անպատասխանատու քաղաքային քաղաքականության ձեռքով այս տարածքների ոչնչացումը, ցավոք, զարմանք չի առաջացնում: Ավելի քան հարյուր տարի փոքրամասնություններին պատկանող մշակութային կառույցները պետության կողմից կա՛մ բռնագրավվել, կա՛մ այլ ճանապարհներով ոչնչացվել են: Այդ պատճառով էլ այժմ Թուրքիայի ամբողջ տարածքում հին եկեղեցիները, ոչ-մուսուլմաններին պատկանող հին դպրոցները վերածվել են մզկիթի, մարզասրահի, մշակութային կենտրոնի կամ կինոթատրոնի: Հարյուրամյա թալանը շարունակվում է», - իր հայտարարության մեջ նշել է հայազգի պատգամավորը:
Ավելի վաղ, Էդրեմիթի քաղաքապետարանը հայտարարել էր, որ Դիլքայա գյուղում հայկական գերեզմանատուն չկա, և լողափին հարակից ոչ մի շինություն էլ չի կառուցվել, այլ միայն ափի մոտ փայտե խցիկներ ու շարժական զուգարաններ են տեղադրվել:
Գյուղի բնակիչները, սակայն, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հաստատել էին, որ հիշյալ շրջանը ժամանակին հայաբնակ է եղել, և այնտեղ հայկական գերեզմանատուն է գտնվել:
Գարո Փայլանը, անարգանք որակելով թուրքական պատկան մարմինների գործողությունները, կոչ է արել պատշաճ քայլեր ձեռնարկել մշակութային ժառանգության պահպանման համար: