Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խստորեն քննադատել է Միացյալ Նահանգների սահմանած նոր պատժամիջոցները, որոնց վերաբերյալ օրենքը երեկ ստորագրեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Մեդվեդևը գրառում է կատարել Ֆեյսբուքում՝ նշելով, որ այդպիսով «առևտրային պատերազմ է հայտարարվել Ռուսաստանին»:
«ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ հարաբերությունների բարելավման հույս այլևս չկա», - գրել է Ռուսաստանի վարչապետը՝ Թրամփի կողմից ցուցաբերված «լիակատար անզորություն» համարելով օրենքի ստորագրումը:
Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները Միացյալ Նահանգները սահմանել է ի պատասխան Ղրիմի բռնակցման, Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի գործողությունների և ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու ռուս հաքերների ջանքերի։ Ընդունված օրենքով նաև սահմանափակվում են պատժամիջոցները վերացնելու՝ ԱՄՆ նախագահի լիազորությունները: