Մատչելիության հղումներ

Շամիրամում տեղի ունեցած սպանությունների գործով մեկ մարդ ձերբակալվել է


Իրավապահները՝ դեպքի վայրում, Շամիրամ, 1-ը օգոստոսի, 2017թ․
Իրավապահները՝ դեպքի վայրում, Շամիրամ, 1-ը օգոստոսի, 2017թ․

Շամիրամ գյուղում մահվան ելքով միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է գործով որպես մեղադրյալ ներգրավված Թելման Քալաշյանի հորեղբայրը՝ հանցագործությունը պարտակելու կասկածանքով: Թելման Քալաշյանը հետախուզվում է:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017 թվականի օգոստոսի 1-ին ՝ ժամը 09:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ Թելման Քալաշյանը գումարային հարցերի շուրջ հեռախոսազրույց է ունեցել իր ազգականի հետ՝ վերջինիս բարեկամներին տված պարտքով գումարը ստանալու պահանջով, որը վերածվել է վիճաբանության:

«Այնուհետև՝ Թ. Քալաշյանը, իմանալով, որ ազգականը և վերջինիս բարեկամներն ու ընկերները գտնվում են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում, իր վարած «VAZ 21214» մակնիշի ավտոմեքենայով ժամանել է նշված վայր: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Թ. Քալաշյանը մուտք է գործել սգո սրահ, հայհոյանքներ հնչեցրել, ապա՝ իր մոտ գտնվող հրազենով կրակոցներ է արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ, որի հետևանքով 4 անձ մահացել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հանցավոր մտադրությունն իրականացնելուց հետո Թ. Քալաշյանն իր ավտոմեքենայով դիմել է փախուստի, որից հետո սգո սրահում ներկա գտնվողներից մեկը, իր անձնական օգտագործման ավտոմեքենայով հետապնդել է Թ. Քալաշյանին՝ վերջինիս փախուստը կանխելու և նրան բռնելու նպատակով:

Քննությամբ պարզվել է, որ ականատես անձը Շամիրամ գյուղի սկզբնամասում հասել և իր վարած ավտոմեքենայի դիմացի հատվածով հարվածել է Թ. Քալաշյանի վարած «VAZ 21214» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով նշված ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, մտել հարակից դաշտ և առաջացած անսարքության պատճառով՝ կանգնել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Թ. Քալաշյանը հրազենը ձեռքին իջել է ավտոմեքենայից և կրակոցներ արձակել իրեն հետապնդող անձի ուղղությամբ: Սակայն վերջինս խուսանավել է: Այնուհետև, Թ. Քալաշյանի հորեղբայրը մեկ այլ ավտոմեքենայով գնացել է Թ. Քալաշյանի մոտ, և միասին դիմել են փախուստի»:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել Թ. Քալաշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վերջինիս հորեղբայրը ձերբակալվել է՝ հանցագործությունը պարտակելու կասկածանքով», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Շամիրամի գերեզմանատան հարևանությամբ գտնվող սրահում զինված տղամարդը կրակ էր բացել հավաքվածների վրա, ապա դիմել փախուստի։ 4 մարդ մահացել էր, 7-ը՝ վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG