Մատչելիության հղումներ

Գորիսեցիները դժգոհ են աղբահանությունից


Գորիսի երկու տասնյակից ավելի բնակիչներ երեկ երեկոյան փակել էին դեպի քաղաքի գլխավոր աղբավայր տանող ճանապարհը՝ արգելելով աղբատար մեքենաների մուտքը: «Հին Գորիս գյուղ» կոչվող թաղամասի բնակիչները վրդովված են՝ գլխավոր աղբավայրը ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու իրենց տներից: Ասում են՝ աղբը նախատեսված վայրում չի թափվում, այլ բնակելի տների մոտ՝ հիմնական աղբավայր տանող ճանապարհի ողջ երկայնքով:

Թաղամասի բնակիչները դժգոհում են՝ ամառվա շոգին աղբավայրում անընդհատ հրդեհներ են բռնկվում, ծուխն ու գարշահոտությունը իրենց տներում են, որևէ սանիտարական նորմ չի պահպանվում, հողածածկման կամ այլ մշակման աշխատանքներ չեն տարվում: Մյուս կողմից էլ արտանետված թունավոր գազերն են վտանգավոր:

Համայնքների խոշորացումից հետո նաև Գորիսի հարակից բնակավայրերի կենցաղային և շինարարական աղբն է դատարկվում Լաստի խութ կոչվող սարի ստորոտում: Աղբավայրը կառուցվել է 70-ական թվականներին: Այն չունի պաշտպանիչ ցանկապատ և դարձել է տարբեր կենդանիների համար արոտավայր:

Գորիսում աղբահանությունը հիմնականում իրականացվում է բաց թափքով ավտոմեքենաներով, որոնք նորմայից ավելի են բեռնավորվում: Այսօր ճանապարհ փակած բնակիչներն ասում են՝ քարուքանդ ճանապարհով անցնելիս մեքենաներից աղբը թափվում է գետնին: Հավելեցին՝ մի քանի անգամ դիմել են համայնքային իշխանություններին, որպեսզի գոնե ասֆալտապատման հարցը լուծվի ու աղբի տեղափոխման ընթացքում հակասանիտարական վիճակ չստեղծվի, խոստացել են, սակայն ոչինչ չի արվել:

Ստեղծված իրավիճակը հարթելու համար բնակիչների հետ հանդիպման էր եկել աղբահանություն իրականացնող «Գորիս համայնքի բարեկարգում և բնակարանային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Վահագն Միքայելյանը: Վերջինս փորձում էր բնակիչներին համոզել, որ աղբը չեն թափում չնախատեսված վայրում, նաև հավելեց, որ առաջիկայում նախատեսում են տարածքը ցանկապատել:

Մինչդեռ բնակիչները թերահավատ են, ասացին՝ արդեն մի քանի տարի է՝ նույն խոստումներն են լսում, եթե այս անգամ էլ իրենց պահանջը չկատարվի, կրկին կփակեն ճանապարհը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG