Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանի դատը հետաձգվեց անորոշ ժամանակով


1 ամբաստանյալ ու 36 տուժող․ Էրեբունու դատարանում այս կազմով այսօր մեկնարկեց արդեն մեկ տարի ազատությունից զրկված Անդրիաս Ղուկասյանի դատավարությունը։ Ընդդիմադիր գործչի պաշտպանների բացակայության պատճառով սակայն դատավորը րոպեներ անց, անորոշ ժամանակով հետաձգեց նիստը, հայտարարելով որ կվերսկսի միայն փաստաբանների արձակուրդից վերադառնալուց հետ։ Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Ղուկասյանին դատավորը չթույլատրեց անգամ հայտարարությամբ հանդես գալ։

Ըստ մեղադրանքի անցյալ տարի հուլիսի 29-ին Անդրիաս Ղուկասյանը Սարի թաղում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, հորդորել է քարերով հարվածել ոստիկաններին, ինչի հետևանքով տուժել է մոտ 4 տասնյակ ոստիկան։ Անցյալ տարվա իրադարձություններից հետո Ղուկասյանի հետ կալանավորված, հետագայում ազատ արձակված Դավիթ Սանասարյանն ու Դավիթ Հովհաննիսյանը այսօր առանց հեգնանքի չկարողացանք մեկնաբանել մեղադրանքը։

«Մեծ ճակատամարտ է տեղի ունեցել, որի արդյունքում այդքան ոստիկան տուժել են», - կատակեց Սանասարյանը՝ հավելելով․ - «Պարզ է, ինչի համար են դա անում․ որ գործը սարքելուց ավելի հեշտ լինի ցույց տալ հանրությանն ու միջազգային հանրությանը, որ այս ամենի արդյունքում ինչքան մարդ է տուժել, ինչու եք ասում քաղբանտարկյալ, այս մարդիկ հանցագործության են դրդել»:

Հովհաննիսյանը հավելեց․ - «Ղուկասյանը, եթե նույնիսկ ուզենար, չէր կարող 40 ոստիկանի ինչ-որ ահաբեկեր, ծեծեր: Սա մեր իշխանավորներին հարիր հերթական շոուն է»:

Զանգվածային անկարգություններ կազմակերպելուց բացի, ըստ մեղադրանքի, Ղուկասյանը Ազատության հրապարակից երթով դեպի Սարի թաղ շարժվելով նպատակ է ունեցել միանալ ՊՊծ գունդը գրաված Սասնա ծռեր զինված խմբին։ Նախորդ տարվա հուլիսյան դեպքերին գրեթե ամեն պահ Ղուկասյանի կողքին եղած ակտիվիստ Դավիթ Հովհաննիսյանը պնդում է, որ այս մեղադրանքն անհիմն է, եթե նման ցանկություն ունենային առանց խոչընդոտի կարող էին միանալ զինված խմբին։

«Երբ որ ժողովուրդը հասել է այնտեղ, որտեղ կանգ է առել, մոտ 15 րոպե դիմացից որևէ ոստիկան չի եղել: Եթե այդտեղ որևիցե մարդ ուզենար, կարող էր քայլելով իջնել ՊՊԾ գունդ», - պատմեց նա:

Անցյալ տարի բռնության ենթարկվելուց հետո հիվանդանոց տեղափոխված Դավիթ Սանասարյանը ընդգծում է՝ ոստիկանական գործողություններից հետո Սարի թաղում ու Խորենացի փողոցում մոտ հարյուր քաղաքացի տուժեց, այդ թվում նաև 3 տասնյակ լրագրող, մինչդեռ իրավապահները ընթացք են տալիս միայն տուժած ոստիկանների գործերին։

Ինքը՝ Անդրիաս Ղուկասյանը նույնպես ապօրինի է որակում իր դեմ առաջադրված ծանր մեղադրանքները։ Ընդդիմադիր գործիչը պնդում է, որ նախաքննության ընթացքում խախտվել է իր պաշտպանական իրավունքը, քննիչը մերժել է ներկայացված բոլոր 31 միջնորդությունները, գործում ոստիկաններից բացի այլ վկա չի ներգրավել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG