Երեկ մինչ երեկո ադրբեջանական կրակոցների հետևանքով Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս և Ոսկեվան գյուղերի մերձակայքում հրդեհ է բռնկվել։ Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հրդեհը հասել է գյուղի արոտավայրեր։
«Հրդեհվել է միջսահմանային տարածքը, նաև Բաղանիսում էլ արոտավայրերն են հրդեհվել: Հիմնականում այրվել է չոր խոտածածկ, նյութական վնասներ չունենք: Գիշերը անցել է խաղաղ, հրդեհը հանգած է, ամեն ինչ նորմալ է», - մանրամասնեց նա:
Սահակյանի խոսքով հրդեհի ժամանակ նաև միջդիրքային տարածքում ականներ են պայթել։ Չնայած այս միջադեպին հայկական զինված ուժերը պնդում են, որ սահմանում կրակոցներ կան, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է։ Մինչդեռ պաշտոնական Բաքուն այսօր առավոտյան մեղադրեց հայկական զինված ուժերին հրադադարը խախտելու մեջ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում է, թե հայկական զինված ուժերը խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Տավուշի մարզի և Ղարաբաղի ուղղություններից։
Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հայկական կողմը երբեք նախահարձակ չի լինում: - «Պատասխան կրակ ենք մենք միայն հասցնում», - վստահեցրեց նա:
Երեկ սահմանի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական կողմից արձակված կրակոցից հայ զինծառայող էր վիրավորվել։ Հովհաննիսյանն ասաց, որ զինծառայողը դիմածնոտային թեթև վնասվածք ունի և հիմա վիճակը լավ է։
Սահմանում իրավիճակը հանգիստ է գնահատում նաև Ղարաբաղի պաշտպանության բանակը:
Օրերս Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հիմա պաշտպանության բանակը ժամանակակից զենքեր ունի և այդ զենքերը լիարժեք օգտագործելու համար կրթության ոլորտում են փոփոխություններ անում։
«Մենք ունենք արդեն արդի տեխնոլոգիաներ պարունակող միջոցներ, դրանք կիրառելու համար պետք է նաև ուսուցման որոշակի փոփոխություններ, մենք դրանք անում ենք», - նշեց նա:
Գեներալ Մնացականյանը իր վերջին հարցազրույցում մանրամասնել էր, որ հետախուզական և խոշոր տրամաչափի կրակային նոր միջոցներ են ձեռք բերել, ինչպես նաև հակատանկային զենքեր, որոնք փորձարկել են և արդյունքներից գոհ են։ Հիմա առաջնագծում զինծառայողների անվտանգության բարձրացման վրա են ուշադրություն դարձնում։ Երիտասարդների հարցերին պատասխանելիս Պաշտպանության բանակի հրամանատարը, համեմատելով 90 ականների և նախորդ տարվա ապրիլյան պատերազմերը, շեշտել էր, որ 90 ականներին ադրբեջանական կողմը բոլոր ոլորտներում առավելություններ ուներ, իսկ ապրիլին դա արդեն չկար, չնայած, որ մեծ ուժեր էր կենտրոնացրել: