Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր» խմբի անդամը 12 օր է հացադուլի մեջ է, Գասպարին դարձյալ պառկեց


Վարդգես Գասպարին դարձյալ պառկել է, 2-ը օգոստոսի, 2017 թ․
Վարդգես Գասպարին դարձյալ պառկել է, 2-ը օգոստոսի, 2017 թ․

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանն արդեն 12 օր է հացադուլի մեջ է: Նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Գերավետյանին տեսել է 2 օր առաջ, և արդեն այն ժամանակ նա «թուլացած վիճակում էր»:

Անազատության մեջ գտնվող Վարդան Գերավետյանը հայտարարած հացադուլով մի քանի պահանջ է ներկայացրել․ նախ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին, Անդրիաս Ղուկասյանին, Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին, ինչպես նաև Սարի թաղի կալանավորված բնակիչներին ճանաչել որպես քաղբանտարկյալներ: Բացի այդ՝ առանձնացնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված «Սասնա ծռերին» ընդհանուր բանտախցերից և նրանց տեղափոխել առանձնացված խցեր։

Գերավետյանի համոզմամբ՝ իշխանությունների ցուցումով տարբեր միջոցներով փորձ է արվում լարվածություն և թշնամանք է սերմանել «Սասնա ծռեր» խմբի անդամների և մյուս կալանավորների միջև, ինչը կարող է հանգեցնել բախումների: Գերավետյանը նաև պահանջում է քննություն իրականացնել և պատժել «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի մահվան մեջ մեղավոր անձանց:

Նշենք, որ ի համերաշխություն Վարդան Գերավետյանի, մի քանի օր անց համանման պահանջներով ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել նաև «Սասանա ծռեր» խմբի մեկ այլ անդամ Տիգրան Մանուկյանը:

Ի պաշտպանություն հացադուլի մեջ գտնվող Վարդան Գերավետյանի, ինչպես նաև «Սասնա ծռերի» գործով մյուս կալանվածների, այսօր իրեն բնորոշ եղանակով բողոքի ակցիա է իրականացրել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ պառկելով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մուտքի մոտ: Գասպարին պաշտպանից պահանջում էր կանխել քրեակատարողական հիմնարկներում, իր բնորոշմամբ՝ «քաղաքական բանտարկյալների նկատմամբ իրականացվող բռնություններն ու ճնշումները»: Ակտիվիստի պատկերավորմամբ՝ իր պառկած դիրքը խորհրդանշում է Հայաստանում մարդու իրավունքների վիճակը։

«Ես իհարկե իշխանությունների հետ երկխոսելու բան չունեմ, բռանապետական իշխանություն է, երկխոսություն չունի քաղաքացիների հետ: Ես էստեղ դիմում եմ Մարդու իրավունքների պաշտպանին, որը ի պաշտոնե միջնորդ է հանդիսանում քաղաքացիների և իշխանությունների միջև: Իմիջայլոց այս դիքրը, որ ես պառկել եմ այստեղ, ցույց է տալիս նաև այն դիսպոզիցիան, որ նաև Մարդու իրավունքների պաշտպանը, էլ չեմ խոսում իշխանությունների մասին, ունեն քաղաքացու նկատմամբ:

Այսինքն՝ նրանք գալիս-գնում են, ինչ-որ բան անում են այն դեպքում, երբ նույն այդ քաղաքացին իրենց ոտքերի տակ հողին հավասար պառկած է: Եթե մարդիկ դա չեն ցուցադրում, դա չի նշանակում, որ այլ վիճակ է: Սա է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում»,- «Ազատության» հետ զրույցում պառկած դիրքով ասաց Գասպարին:

Ակտիվիստը շեշտում է՝ իր փորձով է տեղյակ խնդիրներին, անձամբ է ականատես եղել, թե ինչ է կատարվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում, ովքեր են իրականում կառավարում այդ հիմնարկները և ինչպես են ճնշումներ բանեցնում քաղաքական հայացքների համար անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ:

«Տեսել եմ այն, որ ՔԿՀ-ները կառավարում են զոն նայողները և ոչ թե ադմինիստրացիան, իշխանություններից ստանում են հազար ու մի տեսակ արտոնություններ և դրա փոխարեն կատարում են իշխանության պատվերը, մասնավորապես, ճնշելով քաղբանտարկյալներին, քաղաքացիական ակտիվիստներին: Ես բազմիցս դիմել եմ և կրկին դիմում եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը կամ նրա աշխատակիցները թող գնան մի շաբաթ էնտեղ մնան, որ հասկանան, թե ինչ է կատարվում:

Փաստն այն է, որ 2008 թվին օբշակի վճարը, որը կազմում էր [ամսական] 5-ից 10 հազար դրամ, հիմա կազմում է 50-ից 70 հազար դրամ: Այ, ես ՄԻՊ-ին խնդրում եմ, որ դա հրապարակի: Ու դրան գումարեք սարսափելի թվեր ղումարից, թմրամիջոցների բիզնեսից և այլն, սա է իրականությունը: Դուք երբևէ օմբուդսմենի զեկույցներում հանդիպե՞լ եք էսպիսի բանի»,- ասաց ակտիվիստը:

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Հրաչյա Պալյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց աշխատակիցներն այսօր այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ հացադուլ հայտարարած անձանց՝ Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի առողջական վիճակին ծանոթանալու նպատակով: «Հացադուլի մեջ գտնվողներին, բոլորին պետք է հանդիպեն, ուսումնասիրեն պահման պայմանները, բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ եթե դեղամիջոցի անհրաժեշտություն կա, արդյո՞ք դա հատկացվել է ՔԿՀ-ի կողմից, թե ոչ»,- ասաց Պալյանը:

Ավելի ուշ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից փոխանցեցին, որ իրենց ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցներ են ունեցել Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի հետ, ուսումնասիրել են նրանց փաստաթղթերը և պահման վայրի պայմանները: Վարդան Գերավետյանը ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ ունի առողջական խնդիրներ, բայց հացադուլով պայմանավորված՝ հրաժարվում է ընդունել բժշկի նշանակած դեղերը: Տիգրան Մանուկյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել:

Պաշտպանի ներկայացուցիչները նաև արձանագրել են, որ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացվում է հատուկ սկզբունքներով: Օմբուդսմենի գրասենյակը շեշտում է՝ հացադուլի մեջ գտնվող անձանց առողջական վիճակն իրենց ուշադրության կենտրոնում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG