Իրավապահ համակարգի նկատմամբ հանրության անվստահության հիմնական պատճառը, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, այն է, որ այդ համակարգի ներկայացուցիչները քաղաքացիների հանդեպ իրականացնում են «ընտրովի արդարադատություն»:
«Իրապես հանրային մտածելակերպում, մթնոլորտում չի ձևավորված, չի ընկալվում, որ առաջին հերթին՝ օրենքի առջև բոլորը հավասար են, և երկրորդը՝ որ եթե դու կատարում ես որևիցե զանցանք կամ հանցագործություն, ապա անպայման և անխուսափելիորեն պետք է ենթարկվես պատասխանատվության։ Սա հիմնական պրոբլեմներից մեկը, մյուսը՝ իհարկե ընտրողական արդարադատությունը, երբ որ նույն զենքը մեկը կիրառում է դրա համար պատասխանատվության չի ենթարկվում, ավելին՝ ում նկատմամբ այդ զենքը կիրառվել է, այսինքն՝ փաստացի տուժողը նա է պատասխանատվության ենթարկվում։ Այս ընտրողական մոտեցումը նույնպես բերում է անվստահության՝ և՛ իրավական համակարգի որպես ամբողջություն, և՛ նրա առանձին ինստիտուտների նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը։
Հայաստանում գոնե այս տարի զենքով հարց լուծելու, «ռազբորկաներ» անելու գործելաոճի հիմքը դրեց հենց ոստիկանությունը․ Ջրառատ գյուղում փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի մտերիմներն իրենց գյուղում ընդդիմադիրների հետ տարաձայնությունները հարթեցին զենքի միջոցով: Այս մասին «Ազատության» տաղավարում հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» նախաձեռնության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Հայաստանում վերջին շրջանում հաճախակի են դարձել քաղաքացիների կողմից հրազենի գործադրմամբ հանցագործությունները:
Վերջինիս համոզմամբ, Հայաստանում մարդիկ նախընտրում են արդարադատության հասնել զենքի միջոցով:
Նույն հարցի առնչությամբ իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր հերթին նշեց՝ մարդիկ հենց պաշտոնյաներից են օրինակ վերցնում զենք օգտագործելիս:
«Որովհետև պաշտոնատար անձինք են, որոնք իշխանության որպես ներկայացուցիչ, որ պատասխանատվություն չեն կրում, և իրավական համակարգը հենց ընտրողական մոտեցումը ցուցաբերում է շարքային քաղաքացի և պաշտոնատար անձ այդ հարաբերությունների ժամանակ, երբ որ, ըստ էության, պաշտոնատար անձը մնում է անպատիժ, և շարքային քաղաքացին է հանդես գալիս որպես պատիժը կրող կամ պատասխանատվությունը կրող։ Քանի դեռ այս վիճակը կա, նման երևույթները ինչքան էլ փորձեն կանխեն, ինչքան էլ փորձեն խոսեն, ինչքան էլ փորձեն գործողություններ կատարեն, որևէ արդյունք չեն ունենալու», - ասաց իրավապշտպանը։