Արևմուտք - Ռուսաստան հարաբերությունների լարումը և հատկապես ռուս - ամերիկյան փոխադարձ պատժամիջոցները կարող են լուրջ ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով՝ լարվածության նոր փուլ է սկսվել, և սա կարող է ազդել անգամ այն հարցերի վրա, որտեղ ԱՄՆ-ը և Ռուսաստանը համատեղ էին աշխատում. դրանցից է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։
«Դա չի նշանակում, որ Ղարաբաղով չեն զբաղվի, այլ կարող է առանձին զբաղվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը, դիտարկմանն էլ՝ «այսինքն՝ չենք տեսնի համատեղ հայտարարություններ, նույն գնահատականներ», արձագանքելով․ - «Միգուցե: Ես հուսով եմ, որ չի լինի այդպես, բայց այդ սցենարը կարող է լինել, որ ընդհանրապես ոչ մի ոլորտում չհամագործակցեն՝ դա էլ հաշվի առնելով, որ Թրամփը ունի կամք, կտրուկ քայլեր»:
Քաղաքագետի խոսքով՝ լարվածությունը առաջիկայում կարող է է՛լ ավելի խորանալ, դա կուղեկցվի փոխադարձ նոր պատժամիջոցներով։ Նա չի բացառում, որ դրանց արդյունքում Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ուկրաինային ծանր զինտեխնիկա կվաճառեն։ Հայաստանին առաջիկայում է՛լ ավելի դժվար կլինի մանևրել, ըստ քաղաքագետի:
Գրիգորյանի խոսքով՝ Ռուսաստանը առաջիկա օրերին կփորձի նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով Միացյալ Նահանգներին քննադատող հայտարարություն տարածել, Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում որդեգրի և չմիանա այդ հայտարարությանը․ - «Թե չէ, գիտե՞ք, մենք անհեթեթ վիճակում կլինենք: Այսօր ո՞վ է Հայաստանին օգնում՝ ես դա կրկնում եմ բազմաթիվ անգամ, դա շատ կարևոր է, հասարակությունը պետք է դա իմանա՝ մենակ երկուսը՝ Եվրամիությունը, այսինքն՝ եվրոպական երկրները, և Միացյալ Նահանգները․ իրենք բառիս բուն իմաստով ուղարկում են մեզ փող, տեխնոլոգիա, աջակցում են Հայաստանին: Ոչ ոք, Ռուսաստանը մենակ այստեղից տանում է, դա բոլորը գիտեն՝ «Գազպրոմ»-ի միջոցով․․․ մենակ փողերը այստեղից տանում է: Ու ստացվում է՝ մենք կարող է անենք, մասնակցենք հայտարարության մեջ մեր սպոնսորների դեմ: Ես չեմ հավատում»:
Ստեփան Գրիգորյանը մտավախություն ունի, որ ստեղծված նոր իրավիճակում Ռուսաստանը հնարավոր է դեմ լինի նաև Եվրամիություն-Հայաստան նոր փաստաթղթի ստորագրմանը։ Շրջանակային նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին:
Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ օրերս Եվրամիությունն էլ երկարաձգեց պատժամիջոցները։ Այս ամենը, ըստ նրա, Ռուսաստանի տնտեսության վրա էական ազդեցություն կունենա, ինչը ուղիղ կազդի նաև Հայաստանի տնտեսական վիճակի վրա․ - «Հիմա այդ սանկցիաները է՛լ ավելի կբարդացնեն, ուրեմն՝ տրանսֆերտների թիվը է՛լ ավելի կփոքրանա: Ամենաուղիղ [ազդեցությունը կունենա]: Մյուս ամենաուղիղը՝ Ռուսաստանը էլի օրենքներ կընդունի՝ պաշտպանելու իր աշխատողին, աշխատուժին»:
Գրիգորյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի կառավարությունը պետք է լուրջ ուսումնասիրություն անցկացնի և ազդեցությունը մեղմելու քայլեր ձեռնարկի։
Կառավարությունը այս հարցին արդեն անդրադարձել է։ Օրերս ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ նոր պատժամիջոցները, իհարկե, բացասական կազդեն Հայաստանի տնտեսության վրա, բայց ազդեցությունը, նրա խոսքով, էական չի կարող լինել։
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ ֆինանսների նախարարը նման հայտարարություններ անելիս պետք է ավելի զգուշավոր լինի, քանի որ փաստացի նոր պատժամիջոցները ազդելու են Ռուսաստանի տնտեսության վրա։
«Եթե ասում են՝ էական ազդեցություն չի թողնի, ժամանակին էլ ասում էին՝ էական ազդեցություն չի թողնելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա, բայց ի՞նչ պարզվեց՝ Հայաստանի տնտեսությունը երրորդ ամենամեծ անկում գրանցած երկիրը եղավ: Այնպես որ, այդպիսի արտահայտությունների մեջ, կարծում եմ, պետք է ավելի զգուշավոր լինել», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Խաչատրյանը:
Տնտեսագետի խոսքով՝ նոր պատժամիջոցների հետևանքով կնվազեն Հայաստան եկող տրանսֆերտները, դա կազդի նաև երկիր եկող ներդրումների վրա։ Կտուժի նաև արտահանումը, քանի որ Ռուսաստանը Հայաստանի արտահանման հիմնական ուղղություններից է։
«Պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանի բնակչության բարեկեցությունն է որոշակի առումով անկում ապրելու, իսկ բարեկեցության անկման պարագայում վերջիններիս գնողունակությունն է պակասելու, այսինքն՝ սա էլ ստիպում է ենթադրել, որ թեկուզ եթե մենք փորձենք էլ շատ արտահանել, վերջիններս գնողունակ չեն լինելու դրանք գնել», - ասաց Վիլեն Խաչատրյանը:
Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն, եթե նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրի փաթեթը: Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը հաստատելու է այն: