Պետդումայի պատգամավորներն առաջարկում են Ստամբուլի օդանավակայանում անցած շաբաթավերջին խոշոր ավիավթարը կանխած օդաչու Ալեքսանդր Ակոպովին արագացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն շնորհել:
Հայազգի օդաչուն, հիշեցնենք, կարողացել էր ապահովել կարկուտից լրջորեն վնասված օդանավի վայրէջքը` փրկելով 120 ուղևորների և անձնակազմի վեց անդամների կյանքը:
Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող հայազգի օդաչուին հաջորդ օրն արդեն զանգահարել էր նախագահ Պետրո Պորոշենկոն և հայտնել, որ նրան շնորհել է երկրի բարձրագույն պետական պարգևներից մեկը` Արիության շքանշանը:
Սոցիալական ցանցերի ուկրաինացի օգտատերերը, սակայն, շատ արագ հայտնաբերեցին Ակոպովի ֆեյսբուքյան էջը և պարզեցին, որ շքանշանակիր օդաչուն կարծես թե բավական դրական վերաբերմունք ունի Ռուսաստանի հանդեպ:
Ֆեյսբուքում օդաչուի էջի գլխավոր նկարը մի կոլաժ է, որում պատկերված են ինքը` Ակոպովը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Այդ նկարը վկայում է, որ Ակոպովը բարիկադների հակառակ կողմում է», - գրել էր ուկրաինացի իրավապաշտպան Սերգեյ Նաումովիչը:
Մեկ այլ օգտատեր էլ հավելել էր. - «Ցավալի է, երբ մարդու մասնագիտական հատկանիշներն ավելի բարձր են, քան՝ բարոյականները»:
Ալեքսանդր Ակոպովը, սակայն, պնդում է, որ իրեն ուղղված ռուսամետության մեղադրանքներն անհիմն են:
«Այդ լուսանկարի հեղինակը մեր բորտուղեկցորդուհիներից մեկն էր: Լուսանկարում ես պարզապես շատ նման եմ Լավրովին, ուստի Լավրովի նկարը տեղադրել էի զուտ համեմատության համար», - հայտարարում էր Ակոպովը Strana.ua կայքին տված հարցազրույցում` հավելելով. - «Հնչած քննադատության պատճառով Ֆեյսբուքում տեղադրված այդ լուսանկարը հեռացնել չեմ պատրաստվում»:
Ռուսաստանում Ակոպովին ուղղված քննադատությունը հակադարձ վրդովմունքի ալիք բարձրացրեց. արտգործնախարարությունը սոցիալական ցանցերի միջոցով դիմեց Ակոպովին` կոչ անելով նրան տեղափոխվել Ռուսաստան:
«Ալեքսանդր, այն, ինչ Դուք եք արել, դուրս է քաղաքականությունից: Երախտապարտ ենք Ձեր պրոֆեսիոնալիզմի համար: Եթե Ձեզ շարունակեն քննադատել հայրենիքում, եկեք Ռուսաստան, ուրախությամբ կդիմավորենք», - հայտարարում էին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչները:
Հայազգի օդաչուն կյանքի մեծ մասն ապրել է Դոնեցկում: Արևելյան Ուկրաինայում սկիզբ առած պատերազմից հետո նա տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ արդեն երեք տարի է ինչ աշխատում է թուրքական Global Atlas ավիաընկերությունում:
Չարաբաստիկ չվերթն էլ, որի հրամանատարն էր Ակոպովը, Ստամբուլից ուղևորվում էր Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն:
Պետական այս միավորը Թուրքիայից բացի որևէ այլ պետություն չի ճանաչում, Հյուսիսային Կիպրոս թռիչքներ են իրականացնում բացառապես թուրքական ավիաընկերությունները: