Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի փաստաբանը նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին


«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով դադարեցնել Սեֆիլյանի և մյուսների գործով նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանի լիազորությունները։

Փաստաբանը պնդում է, որ դատավորն անօրինական գործողություններ է իրականացնում։

«Տաթևիկ Գրիգորյանի մոտ նորամուծություն եղավ՝ նա այնպես սկսեց վարել դատական նիստերը, որ պաշտպանի մասնակցությունը դարձավ անկարևոր, այսինքն՝ Տաթևիկ Գրիգորյանի վարած դատական նիստերում պաշտպանը գրեթե որևէ գործառույթ չունի. օրենքը թույլ է տալիս պաշտպանին ցանկացած հարցի վերաբերյալ, որ քննարկվում է դատարանում, հայտնել իր կարծիքը, օրենքը թույլ է տալիս դատավորի անօրինական գործողությունների դեմ առարկություն ներկայացնել, առարկություն ներկայացնել վարման կարգի հետ կապված, կայացրած որոշումների հետ կապված, սակայն այդ իրավունքները խախտվում են», - ասաց փաստաբանը՝ շարունակելով. - «Պաշտպաններն ու ամբաստանյալներն իրավունք ունեն ներկա գտնվելու դատական նիստին, իսկ նրանք ներկա չեն գտնվում, իր սիրած նորմը, որ նա խախտում է, թե ինչ կարգով պետք է սանկցիա կիրառվի, նա այդ նորմը խախտում է»։

Հիշեցնենք՝ ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։

Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքները՝ դրանք կապելով իր քաղաքական գործունեության հետ:

Այս գործով 7 ամբաստանյալ է անցնում, այդ թվում՝ «տոնածառի գործով» երկու տարվա ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանը, ով մեղադրվում է 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG