ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թբիլիսիում հավաստիացրել է, որ իր երկիրը սատարում է Վրաստանին:
«Նախագահ Դոնալդ Թրամփն ինձ խնդրել է փոխանցել բարեմաղթանքներն ու ասել, որ մենք ձեզ հետ ենք: Մենք Վրաստանը համարում ենք առանցքային ռազմավարական գործընկեր, աջակցում ենք ձեր տարածքային ամբողջականությանը և սատարում ենք ՆԱՏՕ-ին անդամակցելու ձեր ջանքերին», - այսօր ասել է Փենսը՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ընթացքում:
Իր տարածքի նկատմամբ Ռուսաստանի ոտնձգությունների պայմաններում Վրաստանը ցանկանում է միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին:
2008 թվականի օգոստոսյան կարճատև պատերազմից հետո Կրեմլը ճանաչել է Վրաստանի երկու անջատական տարածքների՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը և այնտեղ հազարավոր զինծառայողներ է տեղակայել:
Երեկ Թբիլիսիում հանդիսավոր ընթրիքի ընթացքում վարչապետ Կվիրիկաշվիլին ասել է, որ «հանձինս Վրաստանի Միացյալ Նահանգներն ունի հավատարիմ բարեկամ, աշխարհքաղաքական դաշնակից և ռազմավարական գործընկեր»:
Փենսը երեկ Վրաստան է ժամանել Էստոնիայից, որտեղ վերահաստատել է ԱՄՆ համերաշխությունը Բալթյան երեք երկրների հետ:
Տալլինում ԱՄՆ փոխնախագահը քննադատել է ռուսներին, ասելով, որ «Կրեմլը փորձում է փոխել միջազգային սահմանները և խարխլել դեմոկրատական պետությունների հիմքերը»: