«Սու՛տ է, ինձ հետ կապ չունի»,- այսօր մեկնարկած դատական նիստում, պատասխանելով «Ազատության» հարցին՝ ընդունու՞մ եք արդյոք ձեզ ներկայացված մեղադրանքները, նման հայտարարություն արեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:
Ավելի քան 4 ամիս անազատության մեջ գտնվող Բաբայանը մեղադրվում է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա փորձել է հանցավոր ճանապարհով Ռուսաստանից ստացված՝ օրինական շրջնառությունից դուրս եկած և հատուկ ներկանյութով ներկված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկել՝ հետագայում դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնելու նպատակով: Բաբայանն ինչպես այս, այնպես էլ «Իգլա» ձեռքբերելու հետ կապված մեղադրանքները չի ընդունում: Այսօր դատարանի դահլիճում նա նաև հայտարարեց՝ շուտով հանրությունն ամեն ինչ կիմանա:
Սամվել Բաբայանից բացի, «Իգլայի» ձեռք բերմանն ու փողերի լվացմանն առնչվող գործով մեղադրվում է ևս 6 անձ: Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարի հետ միասին կալանավորվել է նաև նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, մեղադրյալների թվում է նաև Արմեն Պողոսյանը: Փողերի լվացման գործով անցնող Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը կալանավորված չեն:
Ի դեպ, մեղադրյալ Սանասար Գաբրիելյանը ևս այսօր դատարանում հայտարարեց, թե չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքը, այն որակելով «սարքոցի, շինոցի»: Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Սամվել Բաբայանը խոստացել է 50 հազար ԱՄՆ դոլար վճարել Վաղարշապատի բնակիչ Սանասար Գաբրիելյանին՝ նրան դրդելով ապօրինի կերպով ձեռք բերել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր:
Այսօր մեկնարկած դատական նիստի ընթացքում, երբ նիստը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հստակեցնում էր Սամվել Բաբայանի ինքնությունը, հարցը, թե նա ի՞նչ ազգություն ունի և ո՞ր երկրի քաղաքացի է, հարուցեց Բաբայանի քմծիծաղը: Դատավորը պարզաբանեց՝ ընդհանուր հարցեր են, և նեղսրտել պետք չէ: Անդրադառնալով արդեն նախկինում Բաբայանի ունեցած դատվածությանը, դատավորը փորձեց ճշտել՝ արդյո՞ք Սամվել Բաբայանը ներմամբ է ազատվել:
Հիշեցնենք՝ 2000 թվականին Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով Սամվել Բաբայանը 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն մոտ 4 տարի անց Արկադի Ղուկասյանը նրան ներում էր շնորհել: Այսօր, սակայն, դատարանի դահլիճում Սամվել Բաբայանը չընդունեց, թե իրեն ներում է շնորհվել, շեշտելով՝ բանտից դուրս է եկել հիվանդության պատճառով, իսկ թե ինչ են ձևակերպել, «դա արդեն իրենց խնդիրն է»:
Այսօրվա նիստին գործով անցնող բոլոր 7 մեղադրյալների ինքնությունը պարզելուց ու հստակեցնելուց հետո դատավորը հետաձգեց դատական նիստը մեղադրյալներից Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորիա Կիրակոսյանի բացակայության պատճառով: Արձակուրդային շրջանում փաստաբանների ներկայությունն ապահովելու համար հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 28-ին:
Դա հարուցեց Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի վրոդովմունքը : Մասնավորապես, երբ դատավորը փորձում էր կարգավորել փաստաբանների հետ կապված հարցը, Սամվել Բաբայանը զայրացած հայտարարեց․ «Կամերում մենք նստած սպասում ենք, դուք դրսում գտնվողների հետ եք պարզում, թե դատական նիստը նրանց երբ է ձեռք տալիս: Բա մեզ երբ է ձեռք տալիս, դա չե՞ք ուզում իմանալ: Անմեղ մարդուն գցել եք կամերը, 4 ամիս է պահում եք, դեռ մի հատ էլ հարցնում եք՝ երբ եք ուզում դատ անել »: Ի վերջո՝ համաձայնություն ձեռք բերվեց՝ հաջորդ դատական նիստն անցկացնել օգոստոսի 28-ին: