Կրակոցներ, պայթյուններ, մեծաթիվ ռազմատեխնիկա, բախումներից տուժած բազմաթիվ քաղաքացիներ և ի վերջո սպանված երեք ոստիկան․ 2008-ի մարտի 1-ից հետո առաջին անգամ Երևանի կենտրոնում ծավալված արյունալի իրադարձությունները հանգուցալուծվեցին անցած տարի այս օրը: Ոստիկանության ՊՊԾ գունդը երկու շաբաթ շարունակ գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները հուլիսի 31-ի ուշ երեկոյան վայր դրեցին զենքերն ու հանձնվեցին իշխանություններին:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը պահանջող «Սասնա ծռերի» անունից հայտարարվեց, որ իրավապահները, գնդի տարածքում սեղմելով օղակը, ստեղծել են իրավիճակ, երբ իրենք կա՛մ պետք է բախման գնան, կա՛մ հանձնվեն: Ավելի վաղ «Առաջին լրատվական»-ը հայտնել էր, որ իրենց զանգահարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը և հայտարարել, որ որոշել են չգնալ արյունահեղության և պայքարը շարունակել «ռազմագերու կարգավիճակով»:
Զենքերը վայր դրած զինված խմբի 20 անդամներ կալանավորվեցին, նրանց առաջադրվեց մեղադրանք ապօրինի զենք պահելու և փոխադրելու, ինչպես նաև շենքեր և շինություններ զավթելու, պատանդներ պահելու համար: Ավելի ուշ «Սասնա ծռերի» անդամներից երկուսին նաև սպանության մեղադրանք առաջադրվեց։ ԱԱԾ-ն հայտարարեց, որ Պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու գործով 47 ձերբակալված և կալանավորված կա։ Այժմ զինված խմբի 31 անդամներից դատարանում է 28-ի գործը, մյուսների մասով նախաքննությունը շարունակվում է:
Նախորդ տարվա օգոստոսի 1-ին՝ զինված խմբի հանձնվելու հաջորդ օրը, ելույթ ունենալով պաշտոնյաների, քաղաքական ու հասարակական գործիչների, լրագրողների առջև, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իրավիճակը հանգուցալուծվել է բոլորի համար ամենաընդունելի ճանապարհով: Միաժամանակ նախագահը վստահեցնում էր, որ զինված խմբի անդամների դեմ իրավական գործընթացում չի լինելու անձնական վրեժխնդրություն:
Երեկ միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել լիարժեք հաշվետվություն տրամադրել ոստիկանության կողմից «մեծ մասամբ խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ» անցած տարի հուլիսին իրականացված բռնությունների վերաբերյալ:
Նախորդ տարվա հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրված և ավելի ուշ բաց թողնված քաղաքական գործիչներից Արմեն Մարտիրոսյանը պատահական չի համարում, որ վերջին շրջանում քաղաքացիները իշխանությունների դեմ պայքարում հակվում են բռնի մեթոդների: Պատճառը ընտրությունների կեղծումն է, եզրակացնում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:
«Այսինքն` ի՞նչ, այս երկրում բոլորը մտածում են, որ ուժային գործողություն իրականացնեն իշխանության դե՞մ: Ինչո՞ւ է այդպես: Ընդ որում, ըստ էության բոլոր այդ գործերով անցնում են մարդիկ, որոնք նախ շատ մեծ հետագիծ ունեն պետության կայացման, ստեղծման գործում», - փաստում է նա:
Մեկ տարի առաջ` հուլիսի 31-ին, «Սասնա ծռերի» հանձնվելուց հետո հանրությանը հայտնի դարձավ նաև գնդի գրավման օրերին ոստիկանական պատը ճեղքելով զինված խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը: Որպես «Հաց բերող» հայտնի դարձած Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ: Նախորդ տարեվերջին նա ազատ արձակվեց առողջական պատճառներով, սակայն շուրջ մեկ ամիս անց կրկին կալանավորվեց և 25 օր հացադուլի մեջ անցկացնելուց հետո երկրորդ անգամ ազատ արձակվելով` հիվանդանոցում մահացավ: