Մատչելիության հղումներ

Հայաստանը մասնակցում է Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությանը


Երկուշաբթի օրը Վրաստանում մեկնարկում է ՆԱՏՕ-ի զորավարժությունը, որին մասնակցում է նաև Հայաստանը:

Զորավարժությունների բացման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին՝ Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ռազմական օդանավակայանում, բուն վարժությունները սկսվելու են հուլիսի 31-ից:

Բացմանը ներկա էին Վրաստանի ղեկավարները՝ վարչապետը, նախագահը, խորհրդարանի նախագահը, պաշտպանության նախարարը:

Բացման արարողությանը մասնակցել և նաև ելույթ է ունեցել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին: Նա ասել է, որ զորավարժությունները ուղղված չեն որևէ կողմի դեմ, այլ նպատակ են հետապնդում օգնելու Վրաստանին՝ բարձրացնելու սեփական բանակի մարտական պատրաստվածությունը, որի ստորաբաժանումները մասնակցում են միջազգային գործողություններին, այդ թվում՝ նաև Աֆղանստանում:

«Այնպես որ, այս զորավարժությունները որևէ երկրի դեմ ագրեսիվ ազդանշան չեն», - ասել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը:

Նման զորավարժություններ Վրաստանում անցկացվում են երրորդ անգամ: Նախորդների համեմատ այս տարվա զորավարժությունները ամենախոշորն են: Noble Partner 2017 զորավարժություններում ներգրավված են շուրջ 2 հազար 800 զինծառայողներ, 500 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ամերիկյան և գերմանական տանկեր, զրահամեքենաներ, ինքնաթիռներ:

Noble Partner 2017 զորավարժությանը մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ հինգ երկիր՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Սլովենիան և Թուրքիան, ինչպես նաև գործընկեր երեք պետություններ՝ Վրաստանը, Ուկրաինան և Հայաստանը:

Noble Partner 2017 զորավարժությունները շարունակվելու են միչև օգոստոսի 12-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG