Մատչելիության հղումներ

Ստուգումների արդյունքում կասեցվել է պաղպաղակի 4 արտադրություն


Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ընդամենը 2 օր առաջ է սկսել շրջայցեր իրականացնել լցնովի պաղպաղակի վաճառքի կետերում, թեև ավարտին է մոտենում այդ պաղպաղակի սպառման ամենաթեժ շրջանի՝ ամռան արդեն երկրորդ ամիսը:

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն ասում է՝ ստուգումներն իրականացնում են ըստ փուլերի, թիրախավորված՝ ուսումնասիրելով, որտեղ է դրված պաղպաղակ պատրաստող սարքը, ումից է գնված հումքը, և արդյոք վաճառողն անցել է բուժզննումը։ Նրանից հետաքրքրվում ենք՝ արդյոք չեն ուշացել, ամռանը կեսից ավելին արդեն անցել է, իսկ իրենք նոր են ստուգումներ սկսել։

«Հաշվի առնելով, որ կաթնամթերքի արտադրության պիկը հանդիսանում է հուլիս ամիսը, ծառայությունը հենց հուլիս ամսին է սկսել իրականացնել լայնածավալ ստուգումներ կաթնամթերքի արտադրության ոլորտում», - պատասխանեց Վահե Դանիելյանը: - «Սահմանափակ ռեսուրսներ ունենք՝ 10 ձմերուկ միանգամից երկու ձեռքով բռնել չենք կարող», - հավելեց սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու պաշտոնյան։

Ըստ նրա՝ լցնովի պաղպաղակ իրացնողներից ոչ ոք մինչև այս պահը չի տուգանվել։ Տուգանքի առավելագույն չափը 300,000 դրամ է: Դանիելյանի խոսքով, ընդհանուր շուկայում իրականացված ստուգումների արդյունքում կասեցվել է պաղպաղակի 4 արտադրություն։ Բայց թե որոնք են դրանք՝ ծառայությունն առայժմ անուններ չի հրապարակում։

Մինչդեռ սպառողների իրավունքների պաշտպանները համոզված են՝ պաղպաղակի վաճառքը բարձիթողի վիճակում է գտնվում։ Սպառողների ազգային ասոցիացիան վերջին շրջանում այցլել է մոտ 2 տասնյակ վաճառքի կետեր և փաստում է՝ դրանցից միայն մեկն է ունեցել հումքի ծագումը հավաստող փաստաթուղթ։

«Շատերը ասում էին, որ՝ ունենք, բայց ոչ մեկը ցույց չէր տալիս: Այդ մեկը ցույց տվեց», - պատմեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

«Ազատությունը» ևս փորձեց պաղպաղակի վաճառքի կետերից մեկում պարզել, թե արդյոք ունեն հումքի ծագման մասին վկայող փաստաթուղթ, բայց վաճառողն ու խանութի պատասխանատուն հարցերին պատասխանել չցանկացան և փակեցին ցուցափեղկը։

Սպառողների պաշտպան Մելիտա Հակոբյանը, խոսելով պաղպաղակի տեղական արտադրողներից, նշեց, որ գործարաններում լինելու և արտադրական պրոցեսին ծանոթանալու համար իրենց հարցմանը 15 տնտեսվարողից արձագանքել է միայն 5-ը։ - «Եթե մարդիկ չեն ուզում, որպեսզի մենք գնանք, տեսնենք ինչ է կատարվում, երևի ինչ-որ պատճառ ունեն», - նշեց Հակոբյանը:

Սպառողների ասոցիացիայի նախագահը խոսեց ևս մեկ խախտման մասին, որը տարածված է մանր վաճառքի կետերում։ Ըստ նրա՝ էլեկտրաէներգիա խնայելու համար տնտեսվարողները հաճախ գիշերներն անջատում են սառնարանները, ինչի հետևանքով հալված ու կաթի վերածված պաղպաղակը դառնում է խիստ վտանգավոր։ Այս խնդրին ծանոթ են նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում, ասում են՝ նման խախտումը վերահսկելու համար դեռ մեխանիզմներ են մշակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG