Մատչելիության հղումներ

Ռումինիան և Հունգարիան չեն թույլատրել Ռուսաստանի փոխվարչապետի օդանավի թռիչքը իրենց օդային տարածքով


Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը այսօր հայտնել է, որ իր պաշտոնական այցը Մոլդովա չի կայացել, որովհետև Ռումինիայի և Հունգարիայի իշխանությունները չեն թույլատրել իր օդանավի թռիչքը իրենց երկրների օդային տարածքով:

Ռոգոզինը այսօր պետք է ժամաներ Քիշնև՝ բանակցելու Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Նաև նախատեսված էր Ռոգոզինի, Դոդոնի և Մերձդնեստրի առաջնորդ Վադիմ Կրասնոսելսկիի մասնակցությունը հուլիսի 29-ին կայանալիք խնդրահարույց մի տոնակատարության՝ Մոսկվայի նախաձեռնությամբ նշվելու է Մերձդնեստրում այսպես կոչված ռուսական խաղաղապահ առաքելության 25-ամյակը:

Սակայն Ռոգոզինը այսօր Մոլդովա չի հասել: Նա հայտնել է, որ Ռումինիայի ու Հունգարիայի իշխանությունների արգելքից հետո իր օդանավը փոխել է թռիչքի ուղղությունը և վայրէջք կատարել Մինսկի օդանավակայանում:

Հուլիսի 26-ին Մոլդովայում Ռուսաստանի դեսպանը կանչվել էր արտգործնախարարություն, որտեղ պաշտոնապես զգուշացվել էր, որ Մերձդնեստրի միջոցառումը վնաս կհասցնի Ռուսաստանի և Մոլդովայի հարաբերություններին:

Մոսկվայի աջակցությունը վայելող Մերձդնեստրը 1990 թվականին հռչակել է իր անկախությունը Մոլդովայից: Մերձդնեստրում ռուսական ռազմակայան կա:

Հիշեցնենք , որ 2014 թվականին Մոլդովայի պաշտոնյաները Քիշնևում խուզարկել էին Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին Մերձդնեստրից Մոսկվա տեղափոխող ինքնաթիռը և բռնագրավել մի քանի արկղ ստորագրված ցուցակներ, որոնք իրենցից ներկայացնում էին Մերձդնեստրը Ռուսաստանին միացնելու դիմումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG