Մատչելիության հղումներ

Հայ կինոյի ոլորտում լուրջ փոփոխություններ են սպասվում


Շուշանիկ Միրզախանյան, Արմեն Ամիրյան և Արսեմ Բաղդասարյան, Երևան, 28-ը հուլիսի, 2017 թ․
Շուշանիկ Միրզախանյան, Արմեն Ամիրյան և Արսեմ Բաղդասարյան, Երևան, 28-ը հուլիսի, 2017 թ․

Հուլիսի 25-ին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը ազատվել է պաշտոնից: Նախարարի մեկ այլ հրամանով նույն օրն Ազգային կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Շուշանիկ Միրզախանյանը՝ ազատվելով փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենի պաշտոնից:

Փաստորեն՝ Ազգային կինոկենտրոնն արդեն նոր ղեկավարություն ունի՝ ի դեմս Շուշանիկ Միրզախանյանի և նրա հրամանով կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար նշանակված կինոպրոդյուսեր Արսեն Բաղդասարյանի:

Այսօր մշակույթի նախարարությունում հրավիրված մամլո ասուլիսին նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրեց այն ակնկալիքը, որն ունեն՝ ստեղծելով ֆիլմ-հանձնակատարի ինստիտուտը հայկական կինոյի ոլորտում: «Այդ ինստիտուտի ստեղծմամբ, նաև օրենքով ու մեր մշակած հայեցակարգով, պետք է ստեղծենք լավագույն պայմաններ՝ արտասահմանյան կինոարտադրողների համար: Բայ սա դեռ քիչ է, որովհետև Հայաստանում պետք է ստեղծել նաև համապատասխան կրթական համակարգ: Եթե մենք այսօր ունենք լավ մասնագետներ, նրանք առնվազն չեն տիրապետում որևէ օտար լեզվի, արևմտյան կինոարտադրության համակարգերին: Ուրեմն պետք է ստեղծել կրթական համակարգ:

Այդ համակարգից հետո երրորդ խնդիրն է գալիս, Եթե Հայաստանում երկու լիամետրաժ ֆիլմ միաժամանակ մտնում է արտադրություն, Հայաստանում առկա տեխնիկական միջոցները չեն բավարարում երկու նման ֆիլմ նկարահանելուն: Մեր խնդիրն է նաև մասնավորին այնպիսի շահավետ պայմաններ առաջարկելը, որ Հայաստանում ստեղծվեն տեխնիկական նոր բազաներ, որպեսզի տարեկան գոնե 8-10 ֆիլմի արտադրություն կարողանանք սկսել»,- ասաց մշակույթի նախարարը:

Բացի այդ, ակնկալվում է, որ Ազգային կինոկենտրոնի նոր ղեկավարությունը բաց և թափանցիկ կդարձնի կինոկենտրոնին ներկայացվող կինոնախագծերի ընտրությունը, նաև նշեց նախարարն ու հավելեց․ «Անպայման այդ նախագծերի մեջ մենք պետք է հաշվի առնենք, որ սա այն ֆիլմն է, այն կինոնկարն է, որն ունենալու է ազգային արժեք, որը կարողանալու է մասնակցել փառատոների և շահելու է մրցանակներ և որը կարող է վաճառվել և ունենալ եկամուտ: Այս երեք կարևորագույն կոմպոնենտները հաշվի առնելով՝ մենք պետք է կարողանանք ֆիլմաջակցության արդար, թափանցիկ և բաց տարբերակով՝ ձեր աչքի առաջ, հասարակության աչքի առաջ ճիշտ բաշխում կատարել»:

«Ազատության» հարցին՝ ինքն անձամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Ազգային կինոկենտրոնի գործունեության և առհասարակ՝ հայ կինոյի զարգացման համար, Շուշանիկ Միրզախանյանն ասաց․ «Առաջինը՝ մենք պետք է աշխատենք, ստեղծենք համաարտադրություններ: Պետք է միշտ լինեն ֆիլմեր՝ [ստեղծված] արտասահմանյան ընկերությունների հետ, որ ֆիլմն ունենա ճակատագիր: Հայաստանը պետք է ունենա դիստրիբյուտորական ընկերություն: Այդ ինստիտուտն այսօր մեզ մոտ գոյություն չունի, բայց դա աշխարհում ընդունված համակարգ է՝ արտադրողը ֆիլմը տալիս է դիստրիբյուտորին, որը զբաղվում է ֆիլմի ճակատագրով․ դա կլինի փառատոն, շուկաներում ներկայացնելը և այլն»:

Շուշանիկ Միրզախանյանի համոզմամբ՝ մեր կինոգործիչներն իրենք էլ պիտի ջանք թափեն իրենց ծրագրերն իրագործելու համար: Խոսքը հատկապես երիտասարդ կինոգործիչների մասին է: «Մեր երիտասարդ ռեժիսորները պետք է իրենք ինտերնետով փնտրեն․․․ փառք Աստծո, աշխարհն այսօր բաց է, իրենք էլ լեզուներին տիրապետում են: Իրենք էսօրվա ձևով պետք է մտածեն»:

Ազգային կինոկենտրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձանակատար Արսեն Բաղդասարյանը ևս իր խոսքում կարևոր համարեց դիստրիբուցիայի խնդիրը: «Կինոարտադրողի նպատակն այն է, որ կինոն տարածվի ողջ աշխարհում և ճանաչվի: Եվ երբ դիստրիբուցիան չենք կարողանում իրականացնել, դա մեծ խնդիր է դառնում»,- ասաց Բաղդասարյանը: Ի դեպ, նա 8 տարեկանից բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հոգեբանի մասնագիտական կրթություն ունի:

Այսօրվա ասուլիսից հետո մեզ հետ ունեցած զրույցում Բաղդասարյանը նշում էր նաև, որ կինոյի բնագավառում համագործակցել է ամերիկյան մի շարք անվանի կինոռեժիսորների ու կինոստուդիաների հետ: Առաջիկայում, ամենայն հավանակությամբ, փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան և Ազգային կինոկենտրոնը կմիավորվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG