Հայաստանի իշխանությունները ցանկություն և քաղաքական կամք դրսևորեցին պահպանելու ԵԱՀԿ-ի հետ համագործակցության կարևոր գործիքը՝ կազմակերպության երևանյան գրասենյակը: Սակայն, չնայած հայկական կողմի, ԵԱՀԿ գերմանական և ավստրիական նախագահությունների և մասնակից պետությունների ու ԵԱՀԿ Քարտուղարության գործադրած ջանքերին և ցուցաբերած աջակցությանը, հնարավոր չեղավ երկարաձգել գրասենյակի մանդատը ԵԱՀԿ մեկ մասնակից պետության՝ Ադրբեջանի կողմից կոնսենսուսի սկզբունքի չարաշահման պատճառով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակին նվիրված ընդունելության ժամանակ ելույթում:
«Ադրբեջանը Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելուց հետո վարում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ դաշտային ներկայության վերացման հստակ ու հետևողական քաղաքականություն», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Հովակիմյանը:
Խոսելով ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ավելի քան մեկուկես տասնամյակ տևած գործունեության մասին՝ ԱԳ փոխնախարարը նշել է․ - «Գրասենյակն իր հիմնադրման օրվանից հանդիսացել է կարևոր գործընկեր Հայաստանի կառավարության համար ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդկային հարթություններում մեր երկրի հանձնառությունների իրականացման գործում: Հայաստանի իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները գրասենյակի նախանշած ծրագրերի իրականացման համար: Գրասենյակի կողմից իրականացված ծրագրերը, որոնք հիմնված էին ընդունող երկրի կարիքների ու առաջնայնությունների վրա, մեծ նպաստ են ունեցել Հայաստանի պետական ինստիտուտների կարողությունների ամրապնդման, անվտանգության ոլորտի, տնտեսական, դատաիրավական բարեփոխումների առաջմղման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բնապահպանական խնդիրների հասցեագրման, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ամրապնդման ու բազմաթիվ այլ ոլորտներում»:
Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում Երևանի գրասենյակի ներկայիս և նախկին ղեկավարների ու անձնակազմի կատարած աշխատանքը և նվիրվածությունը, ասել է Հովակիմյանը:
«Չնայած գրասենյակի փակմանը, Հայաստանի իշխանությունները մտադիր են բարձր մակարդակի վրա պահպանել Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը: Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած հանձնառություններին և պատրաստակամ ենք շարունակել գրասենյակի ծրագրերի իրականացումը, հանուն մեր երկրի հետագա զարգացման», - շեշտել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալը:
Հիշեցնենք, այս տարի Ադրբեջանը խոչընդոտեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի բյուջեի հաստատմանը՝ անհնար դարձնելով 1999 թվականից գործող գրասենյակի գործունեությունը: