Շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը։
Փաստաբան Նինա Կարապետյանցը չկարողացավ մուտք գործել նիստերի դահլիճ։ Նա հրաժարվեց կատարել պայուսակի պարունակությունը ցույց տալու կարգադրիչների պահանջը՝ դա որակելով խուզարկություն։
«Եթե օրենք կա, որն արգելում է փաստաբանին խուզարկել, ուրեմն փաստաբանը չպետք է խուզարկվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը՝ հեռանալով դատարանից։
Նիստի մեկնարկից րոպեներ անց դատարնը 30 րոպե ընդմիջում հայտարարեց Նինա Կարապետյանցի նկատմամբ սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու համար։
Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։
Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքները՝ դրանք կապելով իր քաղաքական գործունեության հետ:
Այս գործով 7 ամբաստանյալ է անցնում, այդ թվում՝ «տոնածառի գործով» երկու տարվա ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանը, ով մեղադրվում է 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։
Նշենք, որ 7 ամբաստանյալներից միայն մեկն է ցուցմունք տվել Ժիրայր Սեֆիլյանի դեմ։