Մատչելիության հղումներ

Թուրքիան փորձում է ընդհանուր հայտարարի գալ գերմանական բիզնեսի հետ


Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ

Պաշտոնական Անկարան փորձում է մեղմել Գերմանիայի հետ հարաբերություններում առկա դիվանագիտական ճգնաժամը` նախևառաջ խուսափելով անցանկալի տնտեսական հետևանքներից: Այս մասին երեկ Անկարայում հայտարարեց Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը` երկրում գործող 19 խոշորագույն գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

DPA գործակալության տեղեկություններով՝ Թուրքիայի վարչապետի հետ հանդիպմանը ներկա էին այնպիսի ազդեցիկ ընկերությունների թուրքական մասնաճյուղերի ղեկավարներ, ինչպիսին են Siemens-ը, Bosch-ը և Mercedes-Benz-ը:

«Քաղաքական գործչի հիմնական գործառույթներից մեկը ճգնաժամերն առանց լուրջ վնասի հաղթահարելու կարողությունն է: Ինչ վերաբերում է Գերմանիայի հետ հարաբերություններին, ապա մենք կրքերը թեժացնելու որևէ ցանկություն չունենք», - հայտարարում էր Թուրքիայի վարչապետը:

Թուրքիայի` գերմանական բիզնեսի հետ ընդհանուր հայտարարի գալու փորձերը օրինաչափ են: Գերմանիան Եվրոպայի տարածքում Թուրքիայի թիվ մեկ առևտրային գործընկերն է: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2015 թվականին հասել էր 37 միլիարդ եվրոյի: Թուրքիայի տարածքում այսօր շուրջ 6 հազար գերմանական ընկերություններ են գործում: Դրանք, ըստ Բինալի Յըլդըրըմի, իրենց գործունեության ընթացքում որևէ կերպ չպետք է զգան Անկարայի և Բեռլինի միջև ծագած դիվանագիտական ճգնաժամի բացասական ազդեցությունը:

«Շատ կարևոր է, որպեսզի դուք որևէ վնաս չկրեք վերջին զարգացումների պատճառով և որևէ մասնակցություն այս լարվածությանը չունենաք: Թույլ տվեք ինձ շատ հստակորեն արտահայտվել` մենք ձեր ղեկավարած ընկերությունները գերմանական չենք համարում: Մեզ համար դրանք թուրքական ընկերություններ են», - հայտարարում էր Յըլդըրըմը:

Հիշեցնենք, թուրք-գերմանական հարաբերությունները կտրուկ սրվեցին մոտ երեք շաբաթ առաջ, երբ Ստամբուլի ոստիկանությունը քաղաքի հյուրանոցներից մեկում կազմակերպված սեմինարի ընթացքում ձերբակալեց մի խումբ իրավապաշտպանների, որոնց թվում էր նաև Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շտոյդները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG