Երեկ երեկոյան իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայի թատերականացված համերգային կատարմամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ ավարտեց իր 2016-2017 համերգաշրջանը:
Պուչինիի «Բոհեմ» օպերան 1896 թվականին Թուրինում Արթուրո Տոսկանինիի ղեկավարությամբ առաջին բեմադրությունից հետո դարձել է համաշխարհային օպերային խաղացանկի ամենահայտնի ու սիրված գործերից մեկը: Երևանում այն երկու անգամ է բեմադրվել՝ 1936 և 1946 թվականներին:
Եվ ահա ՀՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի նախաձեռնությամբ նվագախմբի համերգաշրջանի եզրափակումը տեղի ունեցավ օպերայի համերգային կատարմամբ, որին մասնակցելու համար հրավիրվել էին մի շարք անվանի մեներգիչներ Հայաստանից և արտասահմանից՝ Լիպարիտ Ավետիսյանը, Անի Յորենցը Գերմանիայից, Ջանպիերո Ռուջերին Իտալիայից, Հասմիկ Թորոսյանը, Դավիթ Բաբայանցը և Վազգեն Գազարյանը Գերմանիայից և այլք:
«Ազատության» հետ զրույցում իր տպավորությունները փոխանցեց կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը․ - «Պետք է գոհունակությամբ նշեմ, որ մեր ազգային ֆիլհարմոնիկ նվագխումբը տարին փակում է այնպիսի նշանակալի ստեղծագործությամբ, և մասնակցությամբ մեր ընտիր երգիչ-երգչուհիների՝ Պուչինիի «Բոհեմով»: Դա այսօր աշխարհում ամենահայտնի և ամենասիրված գործերից մեկն է և ամեն մեկ կատարողի համար՝ լինի դա կոլեկտիվ կատարողներ թե անհատ արտիստներ, այդ գործը իրենից ներկայացնում է բարդ գեղարվեստական մի քննություն»:
«Ազատության» հարցին, թե ինչով առանձնացավ այս համերգաշրջանը, ՀՖՆ-ի տնօրեն Ռուզան Սիրունյանը պատասխանեց․ - «Այս տարին առանձնանում է նրանով, որ մենք մի փոքր շեղվել ենք խիստ դասական լինելուց, և ստացվեց, որ տարվա ընթացքում չորս-հինգ համերգներ մենք նվիրեցինք շատ մեծանուն կոմպոզիտորների՝ Շառլ Ազնավուրին և Բաբաջանյանին: Կարծում եմ, որ մեր հանրությունը ուղղակի սպասում էր այդ համերգներին, և բացառապես անշլագ համերգներ ենք ունեցել: Փորձելու ենք տարվա մեջ մեկ-երկու անգամ շեղվել մեր խիստ դասական ծրագրերից և ունենալ այդպիսի համերգներ: Ուզում եմ առանձնացնել նաև, որ արդեն երկրորդ տարին մենք ունենում ենք ամառային դպրոցը, որտեղ ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները դասավանդում են տաղանդավոր երեխաներին, վարպետության դասեր են անցկացնում, շուրջ երկու ամիս պարապում են նրանց հետ՝ ակնկալելով, որ ապագայում նրանք կլինեն մեր երաժիշտները»:
Սիրունյանը նշեց, որ հաջորդ համերգաշրջանի սկիզբը կնշանավորեն ավանդական Երևանյան 11-րդ փառատոնով․ - «Բավականին հետաքրքիր համերգներ ունենք․ Ռուբեն Ահարոնյանի 70-ամյակը պիտի նշենք, «Բորոդին» քառյակը կլինի, և վերջապես մաեստրոն ֆիլհարմոնիկի հետ կնվագի երկար տարիներ անց: Կունենանք շատ հետաքրքիր երկու դաշնակահարների մրցույթ-համերգը: Սեպտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 27-ը բուռն համերգներ են սպասվում»: