Մատչելիության հղումներ

ՔԿ. «Կրտսեր սերժանտի ինքնասպանության գործով ձերբակալվել է ծառայակիցը»


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մեկ անձ ձերբակալվել է։

Հիշեցնենք, պարտադիր ժամկետային զինծառայող Վարդան Մելքոնյանի դին հայտնաբերվել է հուլիսի 23-ին Պաշտպանության նախարարության N զորամասի մերձակա տարածքում` կախված վիճակում։

Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:

Կոմիտեն նշում է, որ «ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել , որ 2017թ. հուլիսի 22-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, կրտսեր սերժանտի նկատմամբ Պաշտպանության նախարարության N զորամասի դիվիզիոնի կենցաղսպասարկման սենյակում ծառայակցի կողմից կիրառվել է բռնություն: Ծառայակիցը ձերբակալվել է՝ Քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի առաջին մասով [զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ] նախատեսված արարք կատարելու կասկածանքով»։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG