Մատչելիության հղումներ

Պուտինը հաստատեց Հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրի վավերացումը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ստորագրել է Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացման օրենքը, որին Պետդուման և Դաշնության խորհուրդը հավանություն են տվել, համապատասխանաբար, հուլիսի 14-ին և 19-ին։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալը։

Համաձայնագիրը, հիշեցնենք, ստորագրել են երկու պետությունների պաշտպանության նախարարները 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում։ Անցած շաբաթ փաստաթուղթը վավերացնելու մասին օրինագծին հավանություն տվեց Հայաստանի կառավարությունը։

Ըստ համաձայնագրի, միացյալ զորախմբի խնդիրն է Հայաստանի և Ռուսաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման ժամանակին բացահայտումն ու դրա հետ մղումը, մասնավորապես՝ երկու երկրների պետական սահմանի ցամաքային մասի պաշտպանությունը, այդ թվում` ՀԱՊԿ ուժերի և միջոցների հետ համատեղ, օդատիեզերական տարածությունում Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանի ծածկապաշտպանությունը, հակաօդային պաշտպանությունը, երկու երկրների զինված ուժերի փոխգործակցությամբ հակառակորդի ներխուժած զորքերի խմբավորումների ջախջախումը և այլն:

Միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը` համաձայնեցնելով Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Խաղաղ ժամանակ միացյալ խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, իսկ ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակաշրջանում և պատերազմի ժամանակ՝ ստեղծվող իրավիճակից կախված` Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարին՝ երկու երկրների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների որոշմամբ:​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG