Մատչելիության հղումներ

Վրաստանցիների մեծամասնությունը երկրի գլխավոր արտաքին քաղաքական թիրախներն է համարում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելը


Վրաստան - Տեսարան մայրաքաղաք Թբիլիսիից, արխիվ
Վրաստան - Տեսարան մայրաքաղաք Թբիլիսիից, արխիվ

Վրաստանի բնակչության մեծամասնությունը շարունակում է վստահաբար պնդել` երկրի գլխավոր արտաքին քաղաքական թիրախները պետք է լինեն անդամակցությունը Եվրամիությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին:

Ամերիկյան Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) պատվերով հունիսի վերջին և հուլիսի առաջին կեսին անցկացված հարցման համաձայն, Վրաստանի բնակիչների 77 տոկոսը միանշանակ կողմ է երկրի անդամակցությանը Եվրոպական միությանը: Հարցվածների 66 տոկոսի համոզմամբ, Վրաստանը պետք է անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին:

«Ինտեգրացիոն մյուս ձևաչափերը Վրաստանում անհամեմատ ավելի քիչ ժողովրդականություն են վայելում», - պնդում են հետազոտության հեղինակները: Այսպես՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու օգտին է հանդես գալիս վրաստանցիների միայն 23 տոկոսը:

Ուշագրավ է, որ Վրաստանի բնակչությունը միանշանակ վերաբերմունք չունի Եվրամիության հետ այս տարվա մարտից ուժի մեջ մտած վիզային ազատականացման քաղաքականության հանդեպ: Հարցման մասնակիցների 49 տոկոսը դրական է գնահատում այն հանգամանքը, որ Վրաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են առանց մուտքի վիզայի 90 օր առավելագույն ժամկետով մեկնել Շենգենյան գոտու երկրներ:

Հարցման մասնակիցների բավական զգալի մասը, սակայն, 42 տոկոսը, պնդում է, որ Եվրամիություն-Վրաստան ազատ վիզային ռեժիմի բացասական կողմերն անհամեմատ ավելի շատ են, քան դրականները:

Հարցման արդյունքներից նաև պարզ է դառնում, որ Վրաստանի բնակչությունը հիմնականում դժգոհ է Գիորգի Կվիրիկաշվիլիի կառավարության գործունեությունից: Հարցվածների միայն 10 տոկոսն է Վրաստանի կառավարության գործունեությունը լավ կամ շատ լավ գնահատում: 52 տոկոսի համոզմամբ, Վրաստանի կառավարությունը միջին ցուցանիշներ է ապահովում, ևս 35 տոկոսը գործադիր իշխանության գործողություններին բացասական գնահատական է տալիս:

NDI-ի կողմից հարցված վրացիների համոզմամբ, երկրի առջև ծառացած երեք հիմնական խնդիրները, որոնք շուտափույթ լուծում են պահանջում, հետևյալն են` գործազրկությունը, աղքատության հաղթահարումը և երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG