Մատչելիության հղումներ

Էներգետիկայի փոխնախարարը քաղաքական չի համարում ԵՄ և ԱՄՆ դեսպանների հայտարարությունները


Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով՝ Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունը հայաստանյան էներգետիկ ոլորտում 8 միլիարդ դոլար ամերիկյան ներդրումների հնարավորության մասին միանշանակ հնարավոր է իրականացնել, սակայն դա պետք է արվի փուլային տարբերակով:

«Առաջին հերթին, այդ 8 միլիարդ գնահատականը եղել է մեր նախարարության գնահատականը հիմնականում արևային էներգետիկայի ոլորտում տնտեսապես շահավետ պոտենցիալի մասին: Եվ այդ պոտենցիալը միանշանակ հնարավոր է իրականացնել, բայց դա իրականացվելու է փուլային տարբերակով և շատ կախված է լինելու նաև միջազգային շուկայում գների զարգացումից: Մշտական հանդիպումներ են լինում թե՛ ԱՄՆ դեսպանի հետ, թե՛ ամերիկյան ընկերությունների հետ՝ գտնելու այլ ձևաչափեր ամերիկյան ընկերությունների Հայաստանի էներգետիկ համակարգում իրենց գործունեությունը ընդլայնելու ուղղությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց փոխնախարարը:

Մեկ ամիս առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր, թե ազատ մրցակցության առկայության դեպքում հայաստանյան էներգետիկ ոլորտում կա 8 միլիարդ դոլար ամերիկյան ներդրումների հնարավորություն:

Հարցին, թե արդյոք ԱՄՆ դեսպանի հայտարարությունն ակնարկ չէ հայաստանյան իշխանություններին, որ պետք է ազատականացնել հիմնականում ռուսաստանյան կապիտալի գերիշխանությամբ գործող էներգետիկ ոլորտը, Հարությունյանն արձագանքեց․ - «Պարոն դեսպանը միանշանակ, իմ կարծիքով, նկատի է ունեցել շուկայի ազատականացման այն գործընթացը, որ մենք հիմա նախաձեռնել ենք: Էներգետիկ շուկան ամբողջովին կարգավորվող շուկա է, և այնտեղ ազատ մրցակցություն չկա․ դա մեր շուկայի մոդելն է՝ մեկ գնորդի մոդելը: Այստեղ պետք չէ որևէ այլ կոնտեքստ գտնել: Կառավարությունը հիմա նախաձեռնել է էներգետիկ շուկայի ազատականացման գործընթացը, ներկայացվել է արդեն միջոցառումների ծրագիրը, որով մինչև 2021 թվականը էներգետիկան կանցնի նոր՝ ազատական մոդելի: Հաշվի առնելով նաև մեր խոշորագույն հիդրոկայանի մասնավորեցումը ամերիկյան ընկերության հետ համատեղ՝ ես չեմ կարծում, որ այնտեղ որևէ նման մեսիջ կար: Երևանի երկրորդ ջերմային բլոկը, որ կառուցվում է, դա լինելու է իտալական ընկերության հետ: Նման խնդիր, նման մեսիջ հստակ չկա»:

ԱՄՆ դեսպանի հայտարարությունից օրեր անց Երևանում բացելով արևային էներգիայով աշխատող առաջին ավտոբուսային կանգառը՝ Եվրամիության դեսպանն էր խոսել Հայաստանի էներգետիկ անկախության կարևորությունից:

Էներգետիկայի փոխնախարարի կարծիքով, արևմտյան գերտերությունների ներկայացուցիչներից հնչող հայտարարությունները քաղաքական չեն․ - «Վերականգնվող էներգետիկայի զարգացումը չպետք է տեսնել միայն էներգետիկ անկախության տեսանկյունից: Դա պետք է տեսնել նաև գների հնարավոր նվազեցման տեսանկյունից, պետք է տեսնել նաև կլիմայի փոփոխության դեմ քայլերի տեսանկյունից: Եվ քաղաքականացնել նման հայտարարությունները չեմ կարծում տեղին են»:

«Ժամանակաշրջանը, երբ էներգետիկան կառավարվում էր մեկ-երկու տասնյակ ընկերությունների կողմից, անցյալում է», - ասաց Հարությունյանը՝ փոխանցելով, որ Հայաստանում արդեն արևային էներգիայով աշխատող 109 կայաններ են գործում:

Չգազաֆիկացված 280 համայնքների համար էլ հաշվարկներ են իրականացվում արևային էներգիայով ապահովելու համար, ընդ որում՝ ըստ փոխնախարարի, այլընտրանքային էներգիայով ապահովումը գրեթե կիսով չափ էժան է այդ համայնքներում գազի անցկացումից:

Փոխնախարարն ընդունեց, որ Հայաստանն ունի էներգետիկ անկախության խնդիր, քանի որ օգտագործվող էներգիայի 90 տոկոսը ներմուծվող է․ - «Էներգետիկ անկախության խնդիր մենք ունենք, դա ամրագրված է էներգետիկ անվտանգության հայեցակարգի մեջ, Կառավարության ծրագրի մեջ և բոլոր մնացած ռազմավարական փաստաթղթերի մեջ: Դա հայտնագործություն չէ հայտարարելը, որ վերականգնվող էներգետիկան նպաստում է էներգետիկ անկախության ամրապնդմանը: Մենք հենց դրա համար էլ զարգացնում ենք վերականգնվող էներգետիկան»:

Հարությունյանը փոխանցեց, որ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի միայն 15 տոկոսն է արտադրվում ռուսաստանյան կապիտալով ընկերությունների կողմից, մնացյալը հիմնականում տեղական, ինչպես նաև արևմտյան կազմակերպություններն են: Այդուհանդերձ գազի և վառելիքի հարցում գերիշխում են ռուսաստանյան կապիտալով ընկերությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG