Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը երեկ ուշ երեկոյան ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն տվեց Կրեմլի դեմ նոր պատժամիջոցներին, որոնք վերաբերում են տնտեսության առանցքային ճյուղերին՝ նավթագազայինից մինչև բանկային:
Քվեների 419 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ ընդունված օրինագծի հիմնական դրույթներից մեկը, սակայն, վերաբերում է Սպիտակ տան ղեկավարին: Ոչ միայն ընդդիմադիր դեմոկրատները, այլև Թրամփի կուսակից հանրապետականները այս օրինագծով զրկում են Միացյալ Նահանգների նախագահին Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու իրավունքից, քանի դեռ նա չի ստացել Կոնգրեսի հավանությունը:
«Սա խիստ անհրաժեշտ փաստաթուղթ է, որը կարևոր ուղերձներ է փոխանցում ոչ միայն Կրեմլին, այլև Սպիտակ տան ղեկավարին», - հայտարարում էր դեմոկրատ Խոաքին Կաստրոն: - «Ռուսաստանը խայտառակ ձևով ոտնահարեց միջազգային իրավունքը՝ ներխուժելով Ուկրաինա և միջամտելով ամերիկյան ու եվրոպական ընտրություններին: Այս փաստաթուղթը հստակ ազդանշան է, որ նախագահ Պուտինն ու նրա մերձավորները հաշվետու են լինելու Միացյալ Նահանգների առաջ իրենց գործողությունների համար: Այս օրինագիծը նաև ամրագրում է՝ Կոնգրեսը կարո՛ղ է և կձեռնարկի՛ քայլեր նույնիսկ այն դեպքում, երբ նախագահ Թրամփը չցանկանա գնալ դրան»:
Բարաք Օբամայի օրոք Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները մնում են ուժի մեջ, բացի այդ՝ նոր սահմանափակումներ են մտցվում ռուսաստանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղսակից են մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին: Առաջարկվում է նրանց ակտիվները Միացյալ Նահանգներում սառեցնել, մուտքը Ամերիկա՝ արգելափակել: Նույնատիպ սահմանափակումներ են նախատեսվում նաև կիբերհանցագործների ու կազմակերպությունների հանդեպ, որոնք զենք են տրամադրում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:
«Ժամանակն է, որ Կոնգրեսը խոսքից գործի անցնի», - հայտարարում էր դեմոկրատ Էդ Սիսիլինը: - «Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ օտար կառավարություն միջամտի մեր ընտրական գործընթացներին: Եվ քանի որ մեր նախագահը ամենևին հակված չէ պատժել Ռուսաստանին հարձակումների համար, որոնք իրականում հարձակումներ էին՝ ուղղված Նահանգների դեմ, ուրեմն՝ Կոնգրեսն ինքը պիտի ասի իր խոսքն ու հասնի նրան, որ Ռուսաստանը ենթարկվի պատասխանատվության»:
Ռուսաստանից բացի՝ փաստաթուղթը պատժամիջոցներ է սահմանում նաև Իրանի ու Հյուսիսային Կորեայի նկատմամբ: «Այս օրենքով մենք սաստկացնում ենք ճնշումը Միացյալ Նահանգների ամենավտանգավոր հակառակորդների հանդեպ, որպեսզի երաշխավորենք ամերիկացիների անվտանգությունը», - հայտարարում էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:
Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին օրինագիծը քվեարկության կդրվի Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, ապա կուղարկվի Սպիտակ տուն: Վարչակազմն առայժմ չի հստակեցնում՝ Թրամփը մտադիր է վավերացնե՞լ այն, թե՞ կիրառել վետոյի իր իրավունքը: «Նախագահը դեռ դիտարկում է՝ արդյոք Ռուսաստանի դեմ այս նոր պատժամիջոցները բխում են Ամերիկայի ժողովրդի շահերից», - ավելի վաղ հայտարարել էր Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը:
Պաշտոնական Մոսկվան, սակայն, արդեն նախազգուշացնում է՝ ամերիկյան պատժամիջոցները անպատասխան չեն մնա: «Մեզ համար Վաշինգտոնը վտանգի աղբյուր է, դա պետք է հասկանալ և գործել այդ տրամաբանությամբ՝ կշռադատված, սառնասիրտ և առանց ավելորդ զգացմունքների», - հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ հավելելով. - «Կրեմլը պատրաստ է հենց այդպիսի գործողությունների»: