Մատչելիության հղումներ

Հայ-իսրայելական հարաբերություններում «ճեղքում է գրանցվել». Իսրայելցի նախարար


Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ցախի Հանեգբիին, 25-ը հուլիսի, 2017 թ․
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ցախի Հանեգբիին, 25-ը հուլիսի, 2017 թ․

Ցախի Հանեգբին ավելի քան 3 տարի՝ 2003-2006 թթ. Իսրայելի կառավարությունում, Արիել Շարոնի վարչապետության օրոք, իսրայելական հատուկ ծառայությունների՝ Մոսադի ու Շին Բեթի գործունեության և ԱՄՆ-Իսրայել ռազմավարական երկխոսության համար պատասխանատու նախարարն էր: 2006-2010 թթ․ զբաղեցրել է Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին, ով երկրի կառավարությունում մի քանի տարի զբաղեցրել է հետախուզության և անվտանգության հարցերի պատասխանատու նախարարի պաշտոնը, համարում է, որ հայ-իսրայելական հարաբերություններում «ճեղքում» է գրանցվել:

Հանեգբին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է: Այսօր «Ազատության» հետ զրույցում նա, մասնավորապես, նշեց․ «Հստակ է, որ իմ այս այցը նշան է, որ երկու երկրները շահագրգիռ են ու տեսլական ունեն՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները:

Մեր բարեկամությունը տարիների պատմություն ունի, երկու երկրների միջև արդեն 25 տարի դիվանագիտական հարաբերություններ են հաստատված: Այժմ արդեն մենք ավելի շատ գործնական ուղղությամբ ենք մտածում՝ համատեղ աշխատելու և մի շարք ոլորտներում մեր բարեկամությունը դարձնելու փոխադարձ շահավետ: Կարծում եմ՝ մոտ 10 տարի է Իսրայելի նախարարներից ոչ մեկը Հայաստան չէր այցելել, ուստի սա նոր ճեղքում է, և ես ուրախ եմ, որ այս ամենի մաս եմ կազմում»:

Ցախի Հանեգբին ավելի քան 3 տարի՝ 2003-2006 թթ., Իսրայելի կառավարությունում, Արիել Շարոնի վարչապետության օրոք, իսրայելական հատուկ ծառայությունների՝ Մոսադի ու Շին Բեթի գործունեության և ԱՄՆ-Իսրայել ռազմավարական երկխոսության համար պատասխանատու նախարարն էր: 2006-2010 թթ․ զբաղեցրել է Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Երեկ Հանեգբիին ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ ԱԳՆ հաղորդագրության, հանդիպման ժամանակ իսրայելցի պաշտոնյան նշել է, որ իր երկիրը «ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, և դա իր այցելության հիմնական ուղերձն է»։

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի ու Ցախի Հանեգբիի՝ այսօր առավոտյան կայացած հանդիպմանը քննարկվել է տեղեկտավական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ոլորտներում համագործակցությանը: «Կիբերանվտանգության համատեքստում նախարարներն անդրադարձան երկու երկրներում այս ոլորտի պատասխանատու կառույցների գործունեությանն ու անվտանգությանն ուղղված միջոցառումներին»,- նշված է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրությունում:

«Ազատության» հետ զրույցում Ցախի Հանեգբին այս առնչությամբ նշեց․ «Իմ այցի նպատակը Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունների ամրապնդումն է: Երեկ ստորագրեցինք մի շարք բնագավառների վերաբերող համաձայնագրեր: Հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի, արտգործնախարարի հետ: Այսօր հանդիպումներ են նախատեսված Հայաստանի վարչապետի, կառավարության այլ անդամների հետ»:

Նալբանդյանն ու Հանեգբին երեկ ստորագրել են Հայաստանի ու Իսրայելի դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագիրը և երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ Հանեգբին ստորագրել է Հայաստանի ու Իսրայելի՝ մշակույթի, կրթության և գիտության, սպորտի ու երիտասարդության ոլորտներում 2017-2020 թթ. համագործակցության մասին ծրագիրը։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք քննարկվել են հայ-իսրայելական ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր՝ Ցախի Հանեգբին արձագանքեց․ «Ես Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարն եմ: Ուստի՝ իմ գործունեության հիմնական ուղղությունը չի առնչվում ռազմական ու անվտանգության ոլորտներին, ինչպես եղել է նախկինում: Հայաստանի հետ մեր համագործակցության վերաբերյալ նշեմ, որ այն վերաբերում է զբոսաշրջությանը, առևտրին:

Մենք ցանկանում ենք ընդլայնել առևտուրը, համագործակցությունը ներառում է նաև գյուղտնտեսությունը, ջրային հարցերը, ինչպես նաև տրանսպորտն ու հաղորդակցությունը: Սրանք այն ոլորտներեն են, որոնցում ես ներգրավված եմ»: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2016 թվականին Հայաստանի և Իսրայելի միջև առևտուրը կազմել է 8 միլիոն 525 հազար դոլար կամ Հայաստանի ողջ արտաքին առևտրի 0,1%-ը:

Իսրայելցի պաշտոնյային հիշեցրեցինք Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմա-տեխնիկական համագործակցության մասին: Այս առնչությամբ նա նշեց․ «Ցանկանում եմ զերծ մնալ զգայուն հարցերին անդրադառանալուց: Իմ հայաստանյան այցը կենտրոնացած է դրական կողմերի վրա՝ ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի ու Իսրայելի միջև»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG