Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին՝ նշելով, որ դա իր այցելության հիմնական ուղերձն է։
Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, քննարկել հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։
Բանակցությունների օրակարգում էին առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված քայլերը, երկուստեք կարևորվել է զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը։
Զրույցի ընթացքում քննարկվել են մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Նախարար Ցախի Հանեգբին ներկայացրել է Իսրայելի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Հանեգբիի խնդրանքով Նալբանդյանը անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերին:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որի ժամանակ Հայաստանի արտգործնախարարն ու Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման համաձայնագիրն ու եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան։ Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Ցախի Հանեգբին ստորագրել են երկու երկրների միջև մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության ոլորտներում 2017-2020թթ. համագործակցության ծրագիրը։