Մատչելիության հղումներ

Մարգվելաշվիլի․ Ռուսական սողացող ագրեսիային միջազգային հանրության արձագանքը մնում է անբավարար


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահի կարծիքով՝ ռուսական «սողացող ագրեսիան» կասեցնելու համար միջազգային հանրության արձագանքը նախկինի պես անբավարար է:

Նախօրեին կայացած ճեպազրույցում Գիորգի Մարգվելաշվիլիի տեսակետը ներկայացրել է նրա մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն, անդրադառնալով օկուպացիոն գոտում քաղաքացիական անձանց կամավոր պարեկության հարցին:

Խոսնակի փոխանցմամբ, նախագահի կարծիքով՝ օկուպացիոն գծում կանգնած մարդիկ արտահայտում են վրաց ժողովրդի վճռականությունը և անհանդուրժողականությունը օկուպացիայի հանդեպ:

Մարգվելաշվիլին նաև զգուշացրել է, որ մյուս կողմում գտնվող ուժը մշտապես սադրանքների է դիմում, վերջին շրջանում ակտիվացել են շփման գծի արգելափակոցները Վրաստանի տարածք խորացնելու գործողությունները, և դա կատարվել է զորավարժությունների ֆոնին, որ Ռուսաստանը անցկացնում է Վրաստանի օկուպացված տարածքներում:

Հարավային Օսիայում Ռուսաստանը մեծ զորավարժություն է սկսել՝ ներգրավելով շուրջ 16 հազար զինծառայողների և 4 հազար միավոր զենք-զինտեխնիկա:

Վրաստանի կառավարությունը այս զորավարժությունը համարում է 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագրի ևս մեկ խախտում: Վրաստանի կառավարությունում հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին լրագրողներին ասել է, որ նման մանևրները վտանգ ու սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Վրաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի և Եվրոպայի համար:

Ավելի վաղ «Ռեզոնանս» թերթը գրել էր, որ Կարապիլա գյուղի մոտ Բաքու-Սուփսա նավթատարը հայտնվել է վարչական սահմանի մյուս կողմում: Վրաստանի ներկայիս իշխանությունները դրա համար մեղադրում են նախկին իշխանություններին: Պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին «Ռեզոնանս»-ին ասել է, որ վարչական սահմանները որոշվել են նախկին իշխանությունների կողմից՝ անձամբ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով:

«Օկուպանտները հիմա այդ սահմանին արգելափակոցներ են դնում, և սահմանի մեջ է ընկում նաև նավթատարը, բայց կա նաև այլընտրանքային տարբերակ, որն ի սկզբանե մշակվել էր», - ասել է Սեսիաշվիլին՝ նշելով, որ դա մեծ սպառնալիք չէ: «Ամենամեծ սպառնալիքն այն է, որ մեր տարածքը օկուպացված է և այնտեղ ռազմակայաններ են տեղակայված», - նշել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG