Մատչելիության հղումներ

«Պետությունն ինքն է խրախուսում բռնությունը». Փոստանջյան


«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, գնահատելով «Սասնա ծռեր»-ի չորս անդամների «ծեծի գործով» իրավապահների գործողությունները, նշեց՝ «իրավապահներն անգործություն են ցուցաբերել»։

Հիշեցենք՝ «Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալներից չորսի փաստաբանները մոտ մեկ ամիս առաջ ահազանգեցին, որ դատարանում իրենց պաշտպանյալները ծեծի են ենթարկվել։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, «Սասնա ծռեր»-ի չորս անդամներից երեքը՝ Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը և Մխիթար Ավետիսյանը տուժող ճանաչվեցին, սակայն մինչ այս պահը գործով դեռևս մեղադրյալ չկա։

«Միանշանակ սրանք անօրեն գործողություններ են, որ կատարվում են իրավապահ մարմինների կողմից, և նաև այն, որ մինչ այս պահը չունենք գործով ներգրավված մեղադրյալներ, և բացի այդ, մեղադրյալներին պետք է մեկուսացնեին հասարակությունից, որովհետև նրանք վտանգավոր են ողջ հասարակության համար, փաստացի մենք դա չենք տեսնում, և սա խոսում է այն մասին, որ պետությունը հենց ինքն է խրախուսում բռնությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ «պետությունն իր ողջ լծակներով ճնշում է քաղաքացիներին և նրանց ենթարկում է կտտանքների»։

«Միանշանակ է, որ կա մի իրավունք, ողջ աշխարհը դա ընդունում է և այդ իրավունքը հարգում է, այդ իրավունքը բացարձակ է, որևիցե կերպ չի կարող սահմանափակվել՝ դա մարդուն խոշտանգման չենթարկելն է և նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունք չցուցաբերելն է։ Այս իրավունքն այն իրավունքն է, որը ոչ մի պարագայում չի կարող սահմանափակվել, և մենք տեսնում ենք այս իրավունքի ոտնահարում հենց դատարանում, դատարանի շենքում, և այդ մասին նաև չի բարձրաձայնում այն դատավորը, որի վարույթում գտնվում է այդ քրեական գործը։ Սա խոսում է այն մասին, որ պետությունն իր ողջ լծակներով, այսինքն՝ այն ավտորիտար պետական իշխանությունը, որը ներկայացված է Հայաստանի Հանրապետությունում, իր բոլոր օղակներով ճնշում է քաղաքացիներին և նրանց ենթարկում է կտտանքների», - ասաց Փոստանջյանը՝ շարունակելով. - «Կա հայտարարություն խոշտանգման վերաբերյալ, կան տուժողներ ճանաչված, ապա պետք է լինեն նաև մեղադրյալներ միանշանակ, և որքան հնարավոր է՝ այդ մեղադրանքը պետք է արագ հարուցվեր և արագ պետք է մեղադրյալ ներգրավեին, մինչդեռ չենք տեսում: Սա խոսում է այն մասին, որ իհարկե այստեղ անգործության է մատնված հանրային իշխանությունը»

Սա արդեն իսկ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է, ասաց Փոստանջյանը՝ հորդորելով տուժածներին դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG