20-րդ դարի 60-ական թվականները Խորհրդային Միությունում նշանավորվեցին իբրև «ձնհալի» տարիներ, երբ մարդիկ սկսեցին ոչ միայն ազատ խոսել, այլև համեմատաբար ազատ մտածել ու ստեղծագործել, երբ անգամ թույլատրվեց ոչ միայն ռոք երաժշտություն լսել, այլև ռոք խմբեր ստեղծել ու հրապարակայնորեն հանդես գալ:
1965 թվականին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մի խումբ ուսանողներ ստեղծեցին «Երազողներ» ռոք խումբը, որը ոչ միայն Երևանում երկրպագուների մեծ բանակ ուներ, այլև անգամ Խորհրդային միության տարբեր քաղաքներում հյուրախաղերով հանդես եկավ:
Խմբի 5 անդամներից երկուսն այսօր մեր հանրությանը հայտնի ու սիրված արվեստագետներ են՝ կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանն ու Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ովքեր էլ հենց1969-ին նկարահանվել են Հայկական հեռուստատեսության «Երևան» կինոմիավորման կողմից ստեղծված՝ իրենց ռոք խմբի մասին պատմող կարճամետրաժ վավերագրական ֆիլմում, որը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Երազողները»: Ի դեպ, խումբը գոյություն է ունեցել 5 տարի՝ 1965-1970 թվականներին:
Ֆիլմն այն ժամանակ մեկ անգամ ցուցադրվել է հեռուստատեսությամբ, իսկ հետո անհետացել հեռուստատեսության արխիվներում և հայտնաբերվել միայն վերջերս: Օրերս այն ցուցադրվեց Մեդիա կենտրոնում՝ Երվանդ Երզնկյանի և Զավեն Սարգսյանի մասնակցությամբ:
Նրանք, իհարկե, չափազանց հուզված էին․ այն ժամանակ 20-ամյա պատանիները ռեժիսոր Անատոլի Մոկացյանի նկարահանած ֆիլմի շնորհիվ կրկին հայտնի են դառնում հանրությանն իրենց ստեղծած ռոք խմբով, իրենց երգերով, իրենց երիտասարդական ավյունով: Եվ ոչ միայն նրանք, այլև Սևանա լիճն իր գեղատեսիլ ափերով, իր այն ժամանակվա զբոսանավերով:
«Պոլիտեխնիկում մեր առաջին համերգը եղել է 65 թվի հոկտեմբերի 15-ին», - պատմեց Զավեն Սարգսյանը․ - «Հիմնականում լսել ենք, իհարկե, Բիթլզ, Ռոլինգ ստոունզ մեկ էլ: Որովհետև Ռոլինգ ստոունզի երգեր էլ ենք մի քանի հատ երգել, որովհետև շատ սիրում էինք»:
«Ամենակարևորը նա է, որ այն ժամանակ՝ 67, 68, 69 թվականներին, մենք Սովետական միության մեջ ամենաառաջինն էինք: Եվ ամենաառաջատարն էինք, որովհետև երբ որ գնացինք Խարկով, մեր վրա նայում էին ոնց որ Բիթլզի․․․ Շատ-շատ առաջ էինք», - հավելեց Երվանդ Երզնկյանը:
«Ազատության» հարցին, թե նախկին «Երազողներ» ռոք խմբի անդամները կարողացա՞ն իրականություն դարձնել իրենց երազանքները և արդյո՞ք երազողներ են մնացել ֆիլմի նկարահանումից 50 տարի անց, Երվանդ Երզնկյանը պատասխանեց․ - «Մենք երազողներ ենք, որոնք իրենց երազների մեջ ֆիասկո չեն ապրել: Մենք մեր երազների հետևից գնում ենք ու էլի դեռ կգնանք»:
«Ես ինչ որ երազել եմ, հասել եմ կյանքում», - ասաց Զավեն Սարգսյանը: - «Ես երազում էի Արևմտյան Հայաստան գնալ, 18 անգամ գնացել եմ, նկարել եմ: Երազում էի աշխարհը ման գամ, ամբողջ աշխարհը գրեթե ման եմ եկել, նկարել եմ»: