Բաքվում Ռուսաստանի դեսպանատունն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինին, եթե նա արտահանձնման համար դիմում ներկայացնի: Այս մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ռուսական դեսպանատան մամուլի խոսնակ Դենիս Ապաշկինը:
«Դեսպանատունը կապի մեջ է Լապշինի փաստաբանի և հարազատների հետ: Մեզ իրավունք չենք վերապահում մեկնաբանելու ադրբեջանական դատարանի որոշումը: Դեսպանատունը հետագայում էլ իր իրավասության շրջանակներում մասնակից է լինելու Լապշինի իրավունքների պաշտպանությանը», - հայտարարել է Ապաշկինը:
Օրեր առաջ էլ Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան էր հայտարարել, թե Լապշինի արտահանձնման հարցով այժմ բանակցություններ են ընթանում:
Անցած շաբաթ Բաքվի դատարանը Լեռնային Ղարաբաղ այցելելու համար երեք տարվա ազատազրկման է դատապարտել բլոգերին:
Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող Լապշինը ձերբակալվել էր անցյալ տարվա դեկտեմբերին Մինսկում՝ ադրբեջանական իշխանությունների պահանջով: Ձերբակալությունից շուրջ մեկ ամիս անց Բելառուսի իշխանությունները նրան արտահանձնել էին Ադրբեջանին: