Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց Բագրատաշենի անցակետի մոտ, առևտրով զբաղվողները դժգոհ են պայմաններից


Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչներն այսօր հավաքվել էին սահմանային անցակետի մոտ և ժամանակ առ ժամանակ փակում էին Հայաստան մտնող ճանապարհը՝ հատկապես մեծ բեռնատարների համար։

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ, ԵԱՏՄ) հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջները, ըստ որոնց, Եվրասիական տնտեսական միության տարածք առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք։ Դրանց մեջ մտնում են գրեթե բոլոր տեսակի միրգն ու բանջարեղենը։

«Վեց հատ ձմերուկ եմ բերել, երկուսը վերցրել են», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։ Մյուսն էլ հավելեց. - «15 հատ ավել էի բերել, հինգ կիլոն անցավ, տարան մաքսազերծման։ Տասը կիլոյանոց ձմերուկ բերի, կեսը կտրեցի տվեցի իրանց»։

Մեկ ամիս առաջ գյուղացիները դարձյալ բողոքի ցույցով հասել էին մաքսակետ, բայց այդ ժամանակ բողոքում էին Հայաստանի կառավարության որոշումների դեմ։ Դեռ 2 տարի առաջ կառավարության ընդունած որոշումը անցակետերում նոր էին կիրառում՝ արգելում 50 կիլոգրամից ավել միրգ ու բանջարեղեն ներկրել։ Հարակից գյուղերի բնակիչները դրա դեմ բողոքեցին, բայց ոչ մի արդյունքի չհասան. ընդամենը մեկ ամիս անց ավելի մեծացան սահմանափակումներն արդեն ԵԱՏՄ որոշումների համաձայն։

«Ընտրությունների վախտ խի՞ էին լցվում ստեղ, լավ էլ արտոնություն էին տվել, մանդարին էին կրում, հենց ընտրությունը վերջացավ, ժողովուրդն էլ վերացավ։ Կարեն Կարապետյանից բռնած թեժ գիծն էլ գրած կպցրած էր, բա ո՞ւր ա դա։ Ես երկիրը մի քանի հարուստի համար չի, որ իրանք կուշտ լինեն, մենք էլ ստրուկ ու սովից մեռնենք», - ասացին ցուցարարները։

Բողոքող գյուղացիներին այսօր հանդիպեց միայն Սննդի անվտանգության պետական ծառայության տեսուչ Ազատ Խաչիկյանը։ Նա իր հետ բերել էր հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ փաստաթուղթը։

«Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսիան և այլն՝ էս միության մեջ մտնող երկրները իրենց խորհրդով նման որոշում են կայացրել, մեր Ազգային ժողովը դրա հետ գործ չունի։ Ես համաձայն եմ՝ սա բավականին քիչ քանակ ա», - ասաց Խաչիկյանը։

Հայ-վրացական սահմանի բնակիչները, ովքեր տարիներ շարունակ Վրաստանից փոքր քանակով ապրանք են ներկրել նաև փոքր առևտրի նպատակներով, ասում են՝ անելանելի դրության մեջ են ու կանգնել են մեծ խնդիրների առաջ։

«Էս պահին 10 հոգի իմ տունը նստած են, երեք անչափահաս երեխա ունենք տանը, եկել եմ 3 հատ ձմերուկ եմ տանում, եկել ա, կաշկես քաշում ա, ասում ա՝ «գնա սմենի պետի մոտ», խնդրել եմ, թողել ա, որ գնամ», - ասաց ցուցարարներից մեկը։

Մաքսակետի ղեկավարությունը չհանդիպեց ցուցարարների հետ՝ նշելով, որ իրենք այստեղ անելիք չունեն, պարզապես կատարում են օրենքի պահանջները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG