Մատչելիության հղումներ

Կուսումնասիրվի կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջազգային փորձը


Դավթաշենի կամուրջը
Դավթաշենի կամուրջը

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ամփոփելով Երևանի կամուրջներից կատարված ինքնասպանությունների դեպքերը՝ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրում մասնավորապես ասվում է. - «2014-ի հոկտեմբերից մինչև 2017-ի հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիևյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից: Ինքնասպանություն գործած 30 անձանցից 28-ը եղել է արական, 2-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ, 13-ը՝մինչև 30 տարեկան, իսկ 17-ը՝ 35 տարեկանից բարձր: Նշված անձանցից 4-ը տառապել է հոգեկան հիվանդությամբ: Հիշյալ կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործած անձանց թիվը կարող էր բազմապատկվել, եթե բազմաթիվ ինքնասպանության փորձեր չկանխվեին առանձին քաղաքացիների կամ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից»:

Հովսեփյանը նաև նշել է, որ ինքնասպանության դեպքերի առթիվ կատարված նախաքննությամբ հիմնականում բացահայտվում են այն պատճառներն ու պայմանները, որի արդյունքում անձինք դիմում են նման քայլի, և, որպես կանոն, այդ դեպքերը տեղի են ունենում կենցաղային դրդապատճառներով: Այդ պայմանների վերհանումը դեռևս բավարար չէ և չի կարող ինքնասպանության դեպքերի կանխման համար անհրաժեշտ կանխարգելիչ ազդեցություն ունենալ:

«Արձանագրվել է նաև դժբախտ պատահար՝ Դավթաշենի կամրջից վայր է ընկել և մահացել 13 տարեկան անչափահասը: Այդ փաստի առթիվ Ոստիկանության ՊՊԳՎ Մաշտոցի բաժնի ոստիկանների նկատմամբ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն», - հայտնում է կոմիտեն՝ նշելով. - «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինքնասպանության հակում ունեցող անձանց գործողությունները կարելի է կանխել՝ դրանց իրականացման համար որոշակի խոչընդոտներ ստեղծելու միջոցով, ինչպիսիք կարող են հանդիսանալ արգելապատնեշները, պաշտպանիչ ցանցերը և այլ տեխնիկական լուծումներ»:

Երևանի քաղաքապետարանից Քննչական կոմիտեին պատասխանել են, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նշված հարցը անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ քննարկելու, ինչպես նաև միջազգային փորձն ուսումնասիրելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG