Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների գործով դատավարությունը


Այսօր Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանում մեկնարկել է «Ջումհուրիյեթ» թերթի խմբագիրների, լրագրողների և մյուս աշխատակիցների դեմ հարուցված դատական գործով առաջին նիստը:

Ընդդիմադիր պարբերականի 19 աշխատակից, որոնցից 11-ը շուրջ 9 ամիս կալանավորված են, մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով հանդերձ խմբավորմանը աջակցելու» և «խմբավորմանը անդամակցելու» մեջ: Նրանց 7,5-ից մինչև 43 տարվա ազատազրկում է սպառնում:

Դատական նիստի ժամանակ «Ջումհուրիյեթ»-ի լրագրողներից Քադրի Գյուրսելը իր պաշտպանական խոսքում հայտարարել է, թե առաջադրված մեղադրանքները իրականության հետ որևէ աղերս չունեն, և իրեն պատժում են լրագրող մնալու համար՝ չնայած իշխանությունների սպառնալիքներին:

Ամաստանյալներից Աքըն Աթալայն էլ իր ելույթի ժամանակ նշել է, որ դատական գործը երկու նպատակ է հետապնդում՝ լռեցնել «Ջումհուրիյեթ» թերթը և լրագրողներին ցույց տալ, թե ինչ ճակատագիր է նրանց սպասվում իշխանությունների համար անցանկալի հրապարակումներ հեղինակելու դեպքում:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցում են, որ գործընկերներին աջակցելու համար մի շարք լրագրողներ, իրավապաշտպան կազմակերպությունների անդամներ, քաղաքացիական ակտիվիստներ, ընդդիմադիր պատգամավորներ այսօր առավոտյան հավաքվել են «Ջումհուրիյեթ» պարբերականի խմբագրության շենքի դիմաց և «Լրագրությունը հանցանք չէ», «Ջումհուրիյեթը չի լռելու» վանկարկումներով ու պաստառներով երթով քայլել դեպի արդարադատության պալատ:

Ամիսներ շարունակ դատական գործընթացին հետևող ակտիվիստները հայտարարել են, որ առաջիկա հինգ օրերին նստացույց են անելու Արդարադատության պալատի առաջ:

«Ջումհուրիյեթ» պարբերականի աշխատակիցների դատավարությանը անդրադարձել է նաև միջազգային հանրությունը: Թուրքական «Հյուրիյեթ»-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը Թուրքիային կոչ է արել «դադարեցնել հետապնդումը և ազատ արձակել բոլոր այն լրագրողներին, ովքեր բանտարկվել են մասնագիտական գործունեության համար»:

Դեզիրը նշել է, որ հետևում է թերթի աշխատակիցների՝ այդ թվում Ջան Դունդարի, Քադրի Գյուրսելի, Մուրադ Սաբունջուի և Ահմեդ Շըքի դատական գործընթացին: Ֆրանսիական «Libération» թերթն էլ այսօր լույս է տեսել «Ջումհուրիյեթ»-ին նվիրված «Մամուլը ըստ Էրդողանի» գլխագրով վեց էջանոց հավելվածով:

Ուշագրավ է, որ հուլիսի 24-ը Թուրքիայի պատմության մեջ հիշում են իբրև ազատ մամուլի օր: 1908 թվականի այս օրը Օսմանյան կայսրությունում առաջին անգամ թերթերը լույս տեսան առանց գրաքննության: Թուրքական «Բիանեթ» պարբերականը գրում է․ - «Այս պատմական իրադարձությունից 109 տարի անց երկրում մամուլի ազատությունը անմխիթար վիճակում է: Այսօր Թուրքիայում 136 լրագրող ճաղերի հետևում է գտնվում, շուրջ 350 լրագրողի ազատազրկում է սպառնում, հարյուրավոր լրատվամիջոցներ փակվել են, հազարավորները զրկվել աշխատանքից»:

Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, հիշատակելով ազատ մամուլի օրվա մասին, դատապարտել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ մամուլը լռեցնելու ջանքերը:

«Մենք չենք կարող նշել մամուլի տոնը, երբ տասնյակ լրագրողներ կալանավորված են: Շարունակելու ենք մեր պայքարը, քանի դեռ մամուլը ազատ չէ, և երկրում արդարություն չի հաստատվել», - հայտարարել է Քըլըչդարօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG