Մատչելիության հղումներ

Սպիտակ տուն․ Թրամփի վարչակազմը աջակցում է Ռուսաստանի դեմ կոշտ քաղաքականությանը


Սպիտակ տան խոսնակ Սառա Հաքաբի-Սանդերս, արխիվ
Սպիտակ տան խոսնակ Սառա Հաքաբի-Սանդերս, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունմանը: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Սպիտակ տան նորանշանակ խոսնակ Սառա Հաքաբի-Սանդերսը:

Երեկ ավելի վաղ հայտնի է դարձել, որ ամերիկյան Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների տան անդամները շաբաթ օրը վերջնական համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ: Պատժամիջոցների հերթական չափաբաժինը սահմանվում է Ղրիմում ռուսական ագրեսիային, ինչպես նաև Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին միջամտության Ռուսաստանի փորձերին ի պատասխան: Փաստաթուղթը քվեարկության կդրվի արդեն առաջիկա օրերին:

Պատժամիջոցների հիմնական թիրախը մարդու իրավունքների խախտումների մեջ կասկածվող ռուսաստանցի պաշտոնյաներն են, ինչպես նաև այն ընկերությունները, որոնք զենք են մատակարարում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին:

«Թրամփի վարչակազմը աջակցում է Ռուսաստանի դեմ կոշտ քաղաքականությանը և մասնավորապես կողմ է այս նոր պատժամիջոցներին: Մենք կշարունակենք համատեղ աշխատանքը Ներկայացուցիչների տան և Սենատի հետ այս պատժամիջոցների հարցում, քանի դեռ իրավիճակը Ուկրաինայում չի կարգավորվել», - հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակը:

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել էր, թե Ռուսաստանը հսկայական ռազմական ներուժ ունի և շատ լուրջ սպառնալիք է Միացյալ Նահանգների համար՝ դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ միջուկային գերտերության հետ ուղիղ հակամարտությունից խուսափելը Պենտագոնի խնդիրն է: «Բայց չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը լուրջ սպառնալիք է», - ասել էր Դանֆորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG