Այսօր մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երկօրյա այցը Պարսից ծոցի երկրներ:
Առաջիկա 48 ժամերին Թուրքիայի նախագահը կայցելի Սաուդյան Արաբիա, Քուվեյթ և Քաթար:
Տարածաշրջանային այցի հիմնական օրակարգային թեման Քաթարի շուրջ ծագած դիվանագիտական ճգնաժամն է:
«Այս ճգնաժամի ձգձգումը որևէ մեկի շահերից չի բխում: Ակնհայտ է, որ թշնամիներն անում են ամեն ինչ՝ եղբայրական ժողովուրդների միջև կրքերը թեժացնելու համար», - Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ այսօր հայտարարել է Էրդողանը:
Հունիսի 5-ին, հիշեցնենք, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և մի շարք այլ արաբական երկրներ Քաթարի հետ խզեցին դիվանագիտական կապերն ու տրանսպորտային հաղորդակցությունը։ Նրանք Քաթարին մեղադրում են իսլամիստ զինյալներին և իրենց ոխերիմ թշնամի Իրանին աջակցելու մեջ։
Քաթարը մեղադրանքները չի ընդունում՝ դրանք համարելով անհիմն։