Մատչելիության հղումներ

ԳԴՀ արտգործնախարարն ուղերձով դիմել է Գերմանիայի թուրքերին


Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիել, արխիվ
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիել, արխիվ

«Bild» պարբերականում հրապարակվել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի նամակը՝ ուղղված Գերմանիայում ապրող թուրքերին: Գերմաներեն ու թուրքերեն երկլեզու ուղերձում Գաբրիելն անդրադարձել է վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններում առաջացած լարվածության պատճառներին և Գերմանիայի որդեգրած դիրքորոշմանը:

«Սիրելի թուրք քաղաքացիներ: Ձեզ դիմում եմ Դաշնային ողջ կառավարության անունից: Դուք ևս զգում եք Թուրքիայի հետ հարաբերություններում այսօր ունեցած դժվարությունները: Գերմանիան ձեր հայրենիքն է, բայց միևնույն ժամանակ Թուրքիան ևս շատերիդ հայրենիքն է: Այդ պատճառով էլ ուզում եմ նշել՝ գերմանացիների և թուրքերի բարեկամությունը մեծ արժեք ունի:

Մենք միշտ ջանք ենք գործադրել Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար, քանի որ գիտենք դրանց կարևորությունը ձեզ համար: Սակայն հիմա Թուրքիայում անմեղ գերմանացի քաղաքացիներ են կալանավորված: Իբրև գերմանական կառավարություն, չենք կարող չարձագանքել և անտեսել այս հանգամանքը: Պարտավոր ենք պաշտպանել մեր քաղաքացիներին»,-մասնավորապես, ասված է նախարար Գաբրիելի նամակում:

Ավելի վաղ, Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել էր Թուրքիայի հարցում Բեռլինի դիրքորոշումը փոխելու մտադրության մասին: Պաշտոնական Բեռլինը Թուրքիայի նկատմամբ վարվող քաղաքականությունը կոշտացնելու որոշում կայացրեց այն բանից հետո, երբ շաբաթասկզբին Ստամբուլի քրեական դատարանը երկարաձգեց Amnesty International կազմակերպության` հուլիսի 5-ին ձերբակալված իրավապաշտպանների կալանքի ժամկետը: Կալանվածների թվում է նաև Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շտոյդները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG