Մատչելիության հղումներ

Պուտինն ու Ալիևը Սոչիում քննարկել են «տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»


Արխիվ
Արխիվ

Երեկ երեկոյան Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, թե այդ հանդիպումը կնպաստի առկա տարածաշրջանային խնդիրների լուծումների որոնմանը:

Ռուսաստանյան ТАСС գործակալության փոխանցմամբ, հանդիպման սկզբում Պուտինը, մասնավորապես, ասել է․ «Ուրախ եմ ձեզ հետ մեր երկկողմ հարաբերությունների, նաև տարածաշրջանային իրադրության մասին խոսելու հնարավորության համար, այդ իրադրությունը բարդ է: Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների լուծումը գտնելուն: Բնականաբար, մենք կխոսենք նաև այն մասին, թե ինչպես են զարգանում Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները»: Պուտինը նաև նշել է, թե Մոսկվան և Բաքուն ապագայի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունեն:

Իլհամ Ալիևն, իր հերթին, նշել է, թե երկու երկրների հարաբերությունները զարգանում են «շատ հաջող»: Ադրբեջանի նախագահի խոսքով, նման շփումները տեղի են ունենում պարբերաբար և «լավ լիցք են հաղորդում» երկկողմ հարաբերությունների զարգացմանը: «Մենք բավարարված ենք մեր հարաբերությունների բարձր մակարդակով, ակտիվորեն համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում»,- ասել է Ալիևը:

«Իհարկե՝ տարածաշրջանային և միջազգային քաղաքականության, մեր տարածաշրջանի անվտանգության ամրապնդման հարցերով պարբերաբար խորհրդակցելու անհրաժեշտություն կա», - եզրափակել է Ադրբեջանի նախագահը:

Ռուսաստանյան մամուլում վերջերս հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ Մոսկվան դարձյալ ակտիվացնում է միջնորդական ջանքերը ղարաբաղյան գործընթացում: Ռուսական «Իզվեստիան», մասնավորապես, գրել էր, թե Կրեմլը փորձում է առաջիկայում կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպում: Ըստ թերթի, Երևանը համաձայնել է, Բաքուն ևս չի մերժել նման հանդիպում անցկացնելու՝ Կրեմլի առաջարկը, միաժամանակ, նախապայման առաջադրելով՝ բանակցությունները կկայանան, «եթե հստակորեն ձևակերպվի դրանց օրակարգը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG