Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը չի բացառում, որ 2020 թվականին կարող է պայքարել նախագահի պաշտոնի համար:
«Ժամանակները ցույց կտան, ժամանակավրեպ է՝ հիմա ասենք այո կամ ոչ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց նա:
Վիտալի Բալասանյանը արդեն մեկ անգամ՝ 2012-ին նախագահի թեկնածու էր առաջադրվել: Այն ժամանակ նա որպես ընդդիմադիր թեկնածու ստացել էր ձայների 32 տոկոսը: 66 տոկոս ձայնով այդ տարի նախագահ ընտրվեց Բակո Սահակյանը:
Սահմանադրական փոփոխություններից հետո Ղարաբաղի խորհրդարանը երեք օր առաջ երեք տարի ժամկետով անցումային նախագահ ընտրեց այդ պաշտոնը արդեն տասը տարի զբաղեցնող Բակո Սահակյանին: Ղարաբաղի քաղաքական ուժերի մեծամասնությունը պնդում է, որ Սահակյանը 2020 թվականի նախագահական ընտրություններին էլ կարող է առաջադրվել, քանի որ օրենքը դա թույլ է տալիս:
Վիտալի Բալասանյանը, մինչդեռ, ասաց՝ չի պատկերացնում, թե Բակո Սահակյանը կարող է նախագահի պաշտոնի համար նաև 2020 թվականին պայքարել: «Չեմ կարծում, որ գործող նախագահը 2020 թվականին կառաջադրվի: Դա իր անձնական մոտեցումները կլինի, բայց իմ անձնական կարծիքը նա է, որ ես չեմ պատկերացնում», - նշեց նա:
Ղարաբաղում հերոսի կոչում ունեցող Բալասանյանը Զինված ուժերի պահեստազորի գեներալ է, անցած տարի այս օրերին նա Երևանում ոստիկանության պարեկապահակետային ծառության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների և իշխանության միջև բանակցություններն էր վարում: Վերադառնալով Ղարաբաղ՝ Բալասանյանը ստանձնեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ անցումային փուլի նախագահի պաշտոնի համար չէր առաջադրվել, Բալասանյանն արձագանքեց, որ այն երեք տարի է տևում, և էական արդյունքների հասնելը դժվար կլիներ:
«Օրինակ, ես անձամբ չէի մասնակցի, իմ թեկնածությունը չէի առաջադրի: Հիմա մի պահ պատկերացրեք՝ ես նախկին Ազգային ժողովի պատգամավոր էի, և այդ հնարավորությունը կարող էր ընձեռվեր ինձ, և ես այդ խմբակցության անդամ էի, վերցնեի մի պատասխանատվություն՝ այդ կարճ ժամկետի համար ղեկավարել երկիրը. համոզված եմ, որ դա ճիշտ քայլ չէր լինի», - ընդգծեց նա:
Բալասանյանի կարծիքով՝ առաջիկա երեք տարիներին Ղարաբաղում կտրուկ փոփոխություններ չեն լինի, քանի որ նախագահը և կառավարությունը նույնն են, և հիմա հաղթահարելու մարտահրավերներ կան: Ինչ վերաբերում է 2020-ի նախագահական ընտրություններում թեկնածությունը առաջադրելուն, Բալասանյանն ասաց, որ իր վերջնական որոշումը կախված կլինի Ղարաբաղում հետագա զարգացումներից: