Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր երեկոյան Սոչիում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ըստ Պեսկովի՝ այսօր ամբողջ օրը Պուտինը լինելու է Սոչիում, որտեղ այցելելու է «Սիրիուս» կրթական կենտրոն, շփվելու է երեխաների հետ:
Կրեմլի խոսնակը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ նպատակով են հանդիպում Պուտինն ու Ալիևը և որն է լինելու բանակցությունների թեման:
Ավելի վաղ ռուսական «Իզվեստիա»-ն գրել էր, որ Կրեմլը փորձում է նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել մինչև տարեվերջ, և որ ավելի վաղ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ մասին առաջարկ է ներկայացրել կողմերին:
Երեկ, սակայն, պաշտոնական Մոսկվան հերքել է ռուսական մամուլի հրապարակումները, թե Կրեմլը փորձում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպել: