Այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի հերթական նիստը` նվիրված 2017թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:
Նիստին մասնակցել են ՊԲ հրամկազմը, ծառայությունների ու բաժինների պետերը, միավորումների, զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, ռազմաիրավապահ մարմինների ղեկավարները, ինչպես նաև Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ելույթներից ու զեկույցներից հետո ամփոփիչ խոսքում ԼՂ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը անդրադարձել է հաշվետու կիսամյակում կատարված աշխատանքներին, հանձնարականներ ու ցուցումներ տվել երկրորդ կիսամյակի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար:
Մնացականյանը, հաղորդագրության համաձայն, «նիստի մասնակիցներին մեկ անգամ ևս հիշեցրել է անկանխատեսելի հակառակորդ ունենալու հանգամանքը՝ կոչ անելով ոչ մի պարագայում չթուլացնել զգոնությունն ու վառոդը միշտ չոր պահել»: