Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի համոզմամբ, թեև Բակո Սահակյանը նախագահի պաշտոնում ընտրվեց խորհրդարանի կողմից, սակայն դա նաև ժողովրդի ընտրությունն էր:
«Եթե դասական իմաստով ընդունենք, որ քաղաքացիներն իրենց իշխանությունը լիազորել են խորհրդարանում առկա կուսակցություններին, իհարկե դա նույն քաղաքացիների ոչ անմիջական, միջնորդավորված ընտրությունն է: Աշխարհի տարբեր երկրներից շատ օրինակներ կարելի է բերել, թե ինչպես են նախագահ, ընտրում, պառլամենտ ընտրում, ընտրությունների ձևերը տարբեր են, և ես կարծում եմ, որ մեր դեպքում դա եղել է շատ ավելի թափանցիկ, ազատ և ժողովրդավարական ընթացակարգով»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Ղուլյանը:
Վերջինս նաև պնդեց՝ արդեն 10 տարի ԼՂ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սահակյանի վերընտրությունը Ղարաբաղում ժողովրդավարությանն ու երկրի միջազգային համբավին չի վնասի: «Ժողովրդավարությունը միայն ընտրությունները չեն: Ժողովրդավարությունը դա երկրի քաղաքական համակարգի աշխատանքի թափանցիկությունն է: Այս իմաստով՝ բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել երեկ խորհրդարանում հանրապետության նախագահի ընտրությունից առաջ, եղել են շատ թափանցիկ, բաց, բոլորի համար հասկանալի, այնպես՝ ինչպես Սահմանադրությունում է դա գրված, այն Սահմանադրության, որի համար ժողովուրդը քվեարկել է 2017 թվականի փետրվարի 20-ին»,- շարունակեց Աշոտ Ղուլյանը:
Այս տարեսկզբին կայացած սահմանադրական հանրաքվեից հետո Լեռնային Ղարաբաղն անցում կատարեց կառավարման նախագահական համակարգի: Առաջիկա երեք տարիներին Ղարաբաղը պետք է ղեկավարվի անցումային փուլի ռեժիմով: Անցումային նախագահին ընտրելու իրավունքը խորհրդարանինն էր: Երեկ տեղի ունեցած հատուկ նիստում՝ չնայած ընդդիմադիրների պնդումներին, որ արդեն մեկ տասնամյակ Ղարաբաղը ղեկավարող Սահակյանին կրկին նախագահ ընտրելը հակասահմանադրական է, խորհրդարանի մեծամասնությունը՝ 28 պատգամավոր կողմ քվեարկեց Բակո Սահակյանի թեկնածությանը: Վերջինիս միակ մրցակիցը Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանն էր, ով ընդամենը 4 ձայն ստացավ:
Աշոտ Ղուլյանը երկրի ղեկավարին 10 տարին մեկ փոխելու մասին պնդումները «տեսական հասկացություն» է համարում: Պնդում է՝ շատ օրինակներ կան, երբ երկրի ղեկավարը երկար տարիներ մնացել է իշխանության ղեկին: Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ իրենք Սահմանադրությամբ են շարժվել և ժողովրդի կարծիքը հաշվի են առել:
«Ձեր ասածի ենթատեքստը ես հասկանում եմ, որ հնարավոր է՝ երկրի բոլոր քաղաքացիները չեն տեղյակ, որ նախագահ են ընտրում և այլն: Բայց վստա՞հ եք, որ մյուս բոլոր ընտրությունների ժամանակ երկրի բոլոր ձեր ասած քաղաքացիները 100 տոկոսով տեղյակ են լինում: Այսինքն՝ այստեղ որոշ իմաստով միշտ էլ կարող են բացեր լինել, բայց եթե գործընթացները լեգիտիմ են, ես դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում»,- ասաց Աշոտ Ղուլյանը:
2020 թվականին Ղարաբաղում համաժողովրդական ընտրություններ կանցկացվեն, որոնց արդյունքում կընտրվի ԼՂ նոր նախագահը և խորհրդարանը: Ընդդիմադիրները պնդում են՝ Սահմանադրության փոփոխումից հետո ակնհայտ է, որ Բակո Սահակյանը նաև այդ ընտրություններին է մասնակցելու: ԼՂ ԱԺ նախագահի խոսքով՝ նոր Սահմանադրությամբ Սահակյանը կարող է առաջադրվել 3 տարի հետո կայանալիք նախագահական ընտրություններում, սակայն հիմա այդ հարցը չեն քննարկում․ «Որևէ կուսակցության համար դա օրակարգում չէ: Ես չեմ կարծում, որ այս պահին որևէ կուսակցություն մտածում է 2020 թվականի մասին կամ արդեն ունի այդ որոշումը»:
Ղարաբաղի խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Սահմանադրության փոփոխման հեղինակը ոչ թե Բակո Սահակյանն է, այլ քաղաքական ուժերը: Ասում է՝ դրա նպատակը ներքին կայունությունը պահպանելն էր, քանի որ նախորդ Սահմանադրությամբ իշխանության տարբեր թևերի միջև խնդիրներ կարող էին առաջանալ:
Խորհրդարանի կողմից անցումային նախագահ ընտրված Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին: Նույն օրը կառավարությունը հրաժարական կտա, և Ղարաբաղում կվերանա վարչապետի պաշտոնը: Նոր Սահմանադրությամբ կառավարության անմիջական ղեկավարը նախագահն է: