Պաշտոնական Մոսկվան հերքում է ռուսական մամուլի հրապարակումները, թե Կրեմլը փորձում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպել:
«Դա իրականությանը չի համապատասխանում», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ «Իզվեստիա»-ն գրել էր, թե Կրեմլը փորձում է նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել մինչև այս տարեվերջ, և որ շաբաթներ առաջ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ մասին առաջարկ է ներկայացրել կողմերին՝ Ավստրիայում տեղի ունեցած ԵԱՀԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ:
Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպումը սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացնելու մասին: «Նախարարները համաձայնեցին իրենց նախագահներին փոխանցել այս տարի ավելի ուշ բարձր մակարդակի հանդիպման՝ համանախագահների առաջարկը: Համանախագահներն իրենց աջակցությունն առաջարկեցին այդ հանդիպումը կազմակերպելու հարցում», - ասված է բրյուսելյան հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների հրապարակած հայտարարությունում: