«Ստանդարտ 2017» ժամանակակից արվեստի առաջին միջազգային տրիենալեն Հայաստանում ներկայացնում է Արվեստների հայկական խորհուրդը՝ մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ: Այսօր մեկնարկած տրիենալեն, որը կշարունակվի մինչև դեկտեմբեր, անցկացվում է պատմամշակությաին համատեքստում:
Հատուկ ընտրված պատմամշակութային վայրերը կվերածվեն հարթակների, որտեղ ժամանակակից արվեստի ներկայացուցիչները՝ արվեստագետներ, գրողներ, համադրողներ ու գիտնականներ թե՛ Հայաստանից, թե՛ բազմաթիվ այլ երկրներից, կներկայացնեն իրենց ամենատարբեր ստեղծագործությունները:
Արվեստների հայկական խորհրդի տնօրեն Մարինե Հարոյանն այսօր առավոտյան բացելով առաջին միջազգային տրիենալեին նվիրված ասուլիսը՝ շեշտեց․ - «Ես պատիվ ունեմ Արվեստների հայկական խորհրդի կողմից այսօր ազդարարելու «Ստանդարտ» ժամանակակից արվեստի առաջին միջազգային տրիենալեի մեկնարկը: Այսօրվանի Երևանում և ամսի 22-ից Գյումրիում մեր ցուցասրահները բաց կլինեն հանրության առջև»:
««Ստանդարտը» ժամանակակից արվեստի տրիենալե է, որ մտահղացվել է Հայաստանում և կրում է շրջիկ բնույթ: Այսինքն չի լինելու մեկ քաղաքում, մեկ վայրում, այլ ունենալու է մշտապես տարբեր երթուղիներ: «Ստանդարտ» տրիենալեն, պետք է ասել, որ լուրջ հիմքեր ունի Հայաստանում, այն առումով, որ Հայաստանում ձևավորված ժամանակակից արվեստի համակարգը բավականին օգնեց մեզ այն կազմակերպելու հարցում», - ասաց Արվեստների հայկական խորհրդի նախագահ Վարդան Կարապետյանը:
Հավելենք, որ Հայաստանում առաջին միջազգային տրիենալեի գլխավոր համադրողը մեր անվանի հայրենակից Ադելինա Ջյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգն է: Հենց նա էր 2015 թվականին Վենետիկի 56-րդ բիենալեում համադրել հայկական տաղավարը, որը և այդ տարի արժանացավ բիենալեի գլխավոր՝ Ոսկե Առյուծ մրցանակին: Եվ ահա բոլորովին էլ պատահական չէ, որ Հայաստանում միջազգային առաջին տրիենալեի կազմակերպիչները հենց Ադելինա ֆոն Ֆյուրշթենբերգին են հրավիրել որպես գլխավոր համադրող:
Այսօր նա շեշտում էր, որ պատահական չէ, որ այսօր միջազգային տրիենալեի բացումը նախատեսված է հենց Հայկական բարեգործական ընդհանուր միության ցուցասրահում, քանի որ միությունը մեծապես աջակցել է տրիենալի կազմակերպմանը: Այնտեղ այսօր բացվեց բրազիլահայ հանրահայտ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի աշխատանքների ցուցահանդեսը, իսկ հետագայում կբացվեն նաև ամենատարբեր ցուցահանդեսներ՝ Երևանի, Գյումրիի և Սևանի տարբեր ցուցասրահներում:
Նշենք, որ տրիենալեի անվանումը՝ Ստանդարտ, կազմակերպիչները վճռել են վերցնել Մոսկվայում 1924 թվականին հրատարակված առաջին հայկական ավանգարդ ամսագրի անվանումից: Այն նույնպես կոչվել է «Ստանդարտ» և հիմնադրվել է ժամանակի փայլուն մտավորականների՝ Եղիշե Չարենցի և ճարտարապետներ Կարո Հալաբյանի ու Միքայել Մազմանյանի կողմից:
Բայց ամսագրի ընդամենը մեկ համարն է լույս տեսել: Հետագայում, ըստ Միքայել Մազմանյանի հուշերի, Մոսկվայում Չարենցը ամսագրի առաջին համարի մի օրինակը տվել է Ալեքսանդր Մյասնիկյանին, որը խիստ քննադատել է այն և հորդորել ոչնչացնել ամսագրի բոլոր օրինակները: Մոսկվայից վերադառնալուց հետո հենց ճարտարապետ Մազմանյանի տան խոհանոցում երեք ընկերները այրում են ամսագրի բոլոր օրինակները: Փրկվել է միայն մեկը՝ Կարո Հալաբյանի ստորագրությամբ Միքայել Մազմանյանին նվիրած օրինակը, որը պահպանվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: