Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի ծրագրավորող Մարկ Վարդանյանը ԱՄՆ-ում դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման


Ռուսաստանցի Մարկ Վարդանյանը ԱՄՆ-ում ազատազրկման է դատապարտվել համակարգչային վիրուսային ծրագիր մշակելու, կատարելագործելու համար, որի օգնությամբ հաքերները աշխարհի բազում երկրների համակարգիչներից անձնական և ֆինանսական ինֆորմացիա են գողացել: Ըստ հետաքննության՝ նրա կողմից կատարելագործված Citadel վիրուսային ծրագրով 11 միլիոն համակարգիչ է վարակվել, պատճառված վնասը գնահատվել է մոտավորապես 500 միլիոն դոլար:

Հուլիսի 19-ին ԱՄՆ-ում Ատլանտայի դատարանը Վարդանյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց հինգ տարվա ազատազրկման: Երկու տարին նա արդեն բանտում է անցկացրել Նորվեգիայում, որտեղ ձերբակալվել էր 2014 թվականին: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հետևել էին վիրուսային ծրագրով կատարվող մեքենայություններին և հայտնաբերել նրան: Վաշինգտոնը պահանջել էր Վարդանյանին հանձնել ԱՄՆ-ին: Նորվեգիայի իշխանությունները դատական երկու ատյանների լսումներից հետո նրան արտահանձնել էին Միացյալ Նահանգներին:

Վարդանյանը ընդունել էր իր մեղքը, համագործակցել հետաքննության հետ, որպեսզի փոքր պատժաչափ ստանա:

Ռուսաստանի իշխանությունները հետևել են նրա գործին, նախ փորձ է արվել վիճարկել Վարդանյանին Միացյալ Նահանգներին արտահանձնելու Նորվեգիայի որոշումը, իսկ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները մեկուսարանում պարբերաբար այցելել են նրան: Այս մասին ժամանակին ասել էր Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

29-ամյա Վարդանյանը 2012 թվականից ապրել է Ուկրաինայում: Տեղափոխվելով Նորվեգիա՝ նա աշխատել է Dignio ընկերությունում: Օնլայն աշխարհում նրա անունը Kolypto է:

Մարկ Վարդանյանը Citadel-ի գործով դատապարտված երկրորդ անձն է՝ 2015-ին ռուսաստանցի Դմիտրի Բելոռոսովը ազատազրկման էր դատապարտվել Citadel վիրուսային ծրագիրը համակարգիչների վրա տարածելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG