Գերմանիայի արդարադատության նախարարն այսօր կոչ է արել ավելի խիստ դիվանագիտական քայլեր ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ՝ 6 իրավապաշտպանների, այդ թվում՝ Գերմանիայի մի քաղաքացու ձերբակալությանն ի պատասխան:
Գերմանացի պաշտոնյաները չեն բացառում, որ Եվրամիությունը կարող է սառեցնել ֆինանսական օգնությունը Թուրքիային՝ մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարելու համար: «Անկարայի նկատմամբ ճնշման որևէ տարբերակ չպետք է բացառվի», - հայտարարել է Արդարադատության նախարարը՝ միաժամանակ փաստելով, որ որոշումներ կայացնելուց առաջ Բեռլինը պետք է խորհրդակցի Եվրամիության հետ:
Անկարան անընդունելի է որակում իրավապաշտպաններին ազատ արձակելու պահանջը, պնդելով, թե Բեռլինը երկակի չափանիշներ է կիրառում և միջամտում Թուրքիայի ներքին գործերին:
Իրավապաշտպանները ձերբակալվել էին այս ամսվա սկզբին Ստամբուլում՝ ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքներով: Միջադեպից հետո Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն ընդհատել էր արձակուրդն ու վերադարձել Բեռլին՝ հարցը կարգավորելու: